«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364)
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովվածության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ էր թելադրված հունվարի 28-ին ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ պետական նախարար, գյուղնախարար Գագիկ Շահբազյանը, փոխնախարարներ Յուրի Ջավադյանը, Վոլոդյա Աբրահամյանը, Արմեն Խաչատրյանը, Իշխան Մարտիրոսյանը, գյուղնախարարության գլխավոր վարչությունների պետեր, միավորումների տնօրեններ, պատասխանատու այլ աշխատողներ։
Բացելով խորհրդակցությունը, նախագահողը՝ ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը մասնավորապես ասաց, որ սեփականանաշնորհումից հետո դեռևս չեն հստակեցվել պետական կառույցների և անհատի փոխհարաբերությունները, սակայն մինչև դրանց կարգավորման մեխանիզմի մշակումը պարենային ապահովման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունն այսօր պահանջում է պետական մակարդակով ձեռնարկել մի շարք խնդիրների լուծումն ապահովող միջոցառումներ, միաժամանակ ոչ միայն չբացառելով, այլև խիստ կարևորելով այդ հարցում նաև անհատ սեփականատերերի նախաձեռնությունը։
Մտքերի փոխանակության ժամանակ շոշափվեց խնդիրների լայն շրջանակ՝ կապված սերմերի պաշարների համալրման, զտման ու ախտահանման, թունաքիմիկատներով, դեղամիջոցներով, նավթամթերքներով ու տեխնիկայով ապահովվածության, ջրային համակարգի բարելավման, գների արձակումից հետո բնամթերումների կարգավորման հետ։
Առաջ քաշվեցին անասնապահության, մասնավորապես, նոր պայմաններում անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նշվեց անասունների կանխարգելիչ պատվաստումների, ինչպես նաև բուժման պարտադիր անցկացման անհրաժեշտությանը։
Գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտների ֆինանսավորման կապակցությամբ առաջարկվեց նոր կարգ սահմանելիս հիմք ընդունել պատվերը և գիտական մշակումների գործնական կիրառելիությունը։
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նյութական ապահովման նպատակով հանձնարարվեց գյուղատնտեսության նախարարությանը հստակեցնել նախարարության յուրաքանչյուր օղակի պարտականությունների շրջանակն ու անելիքները և իրականացնել դրանց կատարման մշտական հսկողություն։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սեփականաշնորհման պայմաններում ագրարային ոլորտում անհրաժեշտ շուկայական ենթակառուցվածքների ձևավորման և դրա համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու հարցերին։
(ՀՀ կառավարության լրատվական ծառայություն—Արմենպրես)