«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)
Հունվարի 16-ին Մոսկվայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Պիեռ Ռիտերը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եղավ հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում, որտեղ գործում է ուրոնեֆրոլոգիական կենտրոն: Այն ստեղծվել է 1990 թվականի ապրիլին Շվեյցարիայի ու Բելգիայի մասնագետների ու նաև այդ երկրների հայ համայնքների ջանքերով:
Այստեղ հայ բժիշկներն արդեն կատարել են երիկամի պատվաստման չորս վիրահատություն, որը նկատելի հաջողություն է: Ի պատիվ հովանավորների, հիվանդանոցի երկու հիվանդասենյակների տրվել է «Շվեյցարական» ու «Բելգիական» անվանումը:
Նախքան դեսպանը կծանոթանար այդ կենտրոնի գործունեությանը, կզրուցեր բուժանձնակազմի և հիվանդների հետ, նա հանգամանալից զրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արա Բաբլոյանի հետ: Վերջինս մանրամասն պատմեց հանրապետությունում առողջապահության կազմակերպման սկզբունքների, շուկայական հարաբերությունների պայմաններում առողջապահության հիմնարկների հետագա անելիքների մասին:
Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև վճարովի բուժման, մասնավոր կլինիկաների ստեղծման հնարավորության հարցեր:
— Չնայած բժշկության հետ իմ ծանոթությունը սահմանափակվում է երբեմն-երբեմն բժիշկներին այցելելով,– ասաց պարոն Ժան-Պիեռ Ռիտերը,– ես չեմ կարող հիացմունքս չհայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ տեսա այս հիվանդանոցում: Ինձ չափազանց ուրախացնում է այն հանգամանքը, որ անհատների նախաձեռնությամբ սկսվել ր շարունակությունն է գտել նման մարդասիրական մի գործ: Այստեղ ամեն ինչ տպավորիչ էր: Ես որպես դեսպան ամեն ինչ կանեմ, որ այդ մարդասիրական առաքելությունը շարունակվի:
(Արմենպրես)