«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352)
Տագնապներով լի ևս մի գիշեր անցկացրին Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ և Կարաչինար գյուղերում։ Ծայր առած ուժեղ փոխհրաձգությունը քիչ ինչ մեղմացավ առավոտյան։ Սակայն ադրբեջանական հրոսակները Բաքվի անցած տարվա հունվարյան դեպքերի տարելիցը նշանավորեցին բարբարոսական նոր գործողություններով։
Հունվարի 13-ին, ժամը 15-ն անց 30 րոպեին և 18-ն անց 45֊ին «ՆՈՒՐՍ» ռազմական սարքից հրթիռային արկեր են գցել Շահումյանի շրջկենտրոնի վրա, պատկառելով մեծ ավերածություններ։ Զոհվել է 5 մարդ, որից 2-ը՝ երեխա, կան տասնյակ վիրավորներ։
Հունվարի 12֊ին, կեսօրից անց, ադրբեջանական Ամիրանլար գյուղի կողմից «Ալազան» տիպի հրթիռներով գնդակոծության է ենթարկվել Մարտունու շրջկենտրոնը։ Բնակավայրի վրա բաց է թողնվել 35 հրթիռ, ոչնչացվել է շուրջ 10 բնակելի տուն։ Բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Սակայն գիշերը Վերին Վեյսալի գյուղից ադրբեջանցիների մի զինված խումբ ներխուժել է Խնուշինակ հայկական գյուղի ծայրամասի մի տուն, սպանել տանտիրոջ կնոջն ու երեքամյա երեխային, իսկ նրան և նրա 5-ամյա և 10-ամյա տղաներին տարել իրենց հետ:
Հրթիռային կրակահերթի է ենթարկվել նաև Հադրութի շրջանային կենտրոնը, որտեղ քանդվել են մի շարք տներ։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։
Անխռով է անցել հունվարի 13֊ի գիշերը ԼՂ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունների ընտրական օկրուգներում անցած շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, անցկացվել են կրկնական ընտրություններ։ Դրանցից 9-ում ընտրությունները տեղի են ունեցել։