«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Թերևս երբեք Հայաստանի վիճակը այսչափ ծանր ու ճգնաժամային չի եղել: Առավել վտանգավորը բարոյահոգեբանական այն մթնոլորտն է, ավելի ճիշտ բարոյահոգեբանական այն անհամատեղելիությունը, որը գոյություն ունի սահմանամերձ և ոչ սահմանամերձ շրջանների միջև: Մի կողմում «սեղանիկային հանրապետությունն» է՝ գռփողների, կաշառակերների ու թալանողների ստվար բանակով, մյուս կողմում՝ ամեն րոպե թշնամու մահաբեր արկի պայթյունին սպասող սահմանամերձ շրջանի բնակչությունը, որն իր ուսերին է տանում պատերազմի ողջ ծանրությունը: Այս երկրորդի մասին խոսեմ Կապան քաղաքի օրինակով:
Ձորի մեջ տեղադրված և խիտ բնակեցված քաղաքը պարբերաբար արձակվող հրթիռների ու արկերի թիրախ է դարձել: Բառերն անկարող են նկարագրել, թե ինչ ավերվածություններ է սփռում «Գրադ» կայանքից արձակված մեկ արկը: Երբեմնի ծաղկուն ու տնտեսական կարևոր կենտրոնն օր օրի ավերակների է վերածվում: Հանրապետության իշխանությունների թվում է, պետք է ավելի գործնական միջոցներ ձեռնարկեին Կապանը գոնե հնարավորին չափ հրետակոծություններից զերծ պահելու համար: Կարծում եմ՝ սա միանգամայն լուծելի խնդիր է: Փոխարենը իշխանությունները զբաղված են «խաղաղասիրական եռանդուն գործունեությամբ», երբ Ադրբեջանը գերազանցապես ուժային քաղաքականություն է վարում: Արդյունքում՝ ավերված սահմանամերձ քաղաքներ ու գյուղեր, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի նախագահը, որն ի պաշտոնե հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանա: Հիշեմ նրա այցը Զանգեզուր, մասնավորապես Կապան, որտեղ, ըստ էության, պրն նախագահը պաշտպանական հարցերին ծանոթանալուց բացի լուծում էր «ոչ պակաս» կարևոր մի հարց՝ ամրապնդել տեղական խարխլված ՀՀՇ-ական իշխանությունը: Այդ հարցի ժամանակավոր լուծում պրն նախագահը երևի թե կարողացավ գտնել: Նույնը ցավոք, չի կարելի ասել պաշտպանության մասին, որն այդպես էլ մնաց օդում և այսօր ավելի անմխիթար վիճակում է:
Պատճենելով նախագահի «խաղաղասիրությունը» տեղական իշխանությունները ինտեսիվ բանակցությունների գործընթաց են սկսել հարևան ադրբեջանական շրջանների ղեկավարության հետ, որոնց արդյունքում ստորագրված արձանագրությունները լավագույն դեպքում մի քանի ժամ են դիմանում: Բանակցություններին մասնակցող շրջխորհրդի պատասխանատուներից մեկն իմ հարցին թե որքանով է նպատակահարմար վիճակի շտկման այդ ճանապարհը, միանգամայն անկեղծորեն պատասխանեց, որ իրենք այլ ընտրանք չունեն, որովհետև սա տեղային հարց չէ: Այլընտրանք պետք է ունենան վերևում նստածները, իսկ չունենալու դեպքում՝ հեռանան:
Արդյոք կգիտակցե՞ն Հայաստանի քաղաքականությունը մշակողները, որ մեր խաղաղության ճանապարհը պատերազմի թոհ ու բոհով է անցնելու: Այս է իրականությունը. կամենաք, թե չկամենաք:
Հեռու եմ մեր քաղաքական այրերին սովորեցնելու մտադրություններից, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նրանց հիշեցնել հանրահայտ մի ճշմարտություն, քաղաքական բառարանում գոյություն չեն ունեցել և չեն ունենա խղճմտանք, մարդասիրություն, արդարություն և այլ այսպիսի սենտիմենտալ բաներ: Քաղաքականության մղիչ ուժը, նրա միակ նպատակը բացառապես նյութական շահն է՝ զանազան անուններով և ձևերով: Բիսմարկի հայտնի խոսքերը, թե՝ «Պոմերանցի մեկ զինվորի ոսկորներն ավելի արժեն, քան ամբողջ հայությունը», կոպիտ ձևով արտահայտված մի ընդհանուր ճշմարտություն է քաղաքագետների համար: Իսկ ի՞նչ շահ է խոստանում պրն նախագահը «աշխարհին»՝ նրանից ակնկալելով պրոբլեմի խաղաղ կարգավորման երաշխիքներ…
Մինչև դուք տարված եք միջազգային կառուցողական հովերով, հայ ժողովուրդը իր լինել-չլինելու պատերազմն է տանուլ տալիս:
Ու գնալով ակնհայտ է դառնում, որ դուք, պարոն նախագահ, պատերազմող ժողովրդի նախագահ չեք:
Արսեն Քարամյան
Երևանի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող