«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
Երեկ Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանն արդեն ունի մի նախագիծ, որը քննարկման է դրվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այդ փաստաթղթով նախատեսվում է հրադադար տարածաշրջանում, հաղորդակցության ուղիների բացում և զինված բոլոր կազմավորումների տարանջատումը:
Այն հարցին, թե ինչպես է հնարավոր իրականացնել այդ ամենը, Արման Նավասարդյանը պատասխանել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին կարող է հանդես գալ տարածաշրջանում հրադադարի կոչով, իսկ այնուհետև Լեռնային Ղարաբաղ որպես դիտորդներ ուղարկել իր ներկայացուցիչներին: Դրան կարող է հաջորդել ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր մտցնելը: