«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)
«Իմ տպավորությամբ Միացյալ Նահանգների համար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անհասկանալի ոչինչ չկա»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, անդրադառնալով անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչների հետ իր և նախագահի հետ ունեցած հանդիպումներին:
Պատասխանելով Ա.Մ.-ի թղթակցի հարցումներին, պրն. Լիպարիտյանը նշեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ պրն. Կաուզլարիչը՝ Բաքու, Թբիլիսի և Երևան այցելելով, նպատակ ուներ հասկանալ Կովկասում ստեղծված կացությունը:
Խորհրդականի կարծիքով դա թելադրված էր շրջանում արագ փոփոխվող իրավիճակով, Եգոր Գայդարի այցելությամբ և այլն: Ընդհանուր առմամբ, Ամերիկայի դիվանագետի հետ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի հետ ունեցած հարաբերությունները, Հայաստանի վերաբերմունքը Մինսկի գործընթացին: