Այսօր աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Մինչև նոյեմբերի 6-ը նախատեսվող հանդիպումների ընթացքում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմարդյունաբերական համալիրին և զինված ուժերի խնդիրներին վերաբերող հարցեր: Մոսկվա մեկնելուց առաջ մեր թղթակիցը պրն Մանուկյանին խնդրեց մեկնաբանել հանրապետությունում ընթացող զորակոչը: Նախարարն ասաց, թե սպաների զորակոչին զուգահեռ նոյեմբերի 10-ից կսկսվի նաև 18 տարին բոլորած երիտասարդների զորակոչը:
Սպաների զորակոչն ունի մի հիմնական նպատակ: Եթե մենք ուզում ենք զորակոչիկներով բանակ ստեղծել, ապա պետք է նաև սպայական անձնակազմը լրացնելու մասին մտածենք և ընդգրկենք այն երիտասարդներին, ովքեր ժամանակին ստացել են զինվորական կոչում, բայց չեն ծառայել բանակում: Բացի դրանից, այսպիսի դեպքերում կիրառվում է նաև ամրացման գաղափարը: Այն ժամանակին մշակվել է Խորհրդային Միության կողմից և արդեն բավականին հնացած է: Կառավարության որոշման մեջ մի կետ կա, որով որոշվում է, թե ում չի կարելի ընդգրկել այդ զորակոչի ժամանակ: Այդ ցուցակները պատրաստվում են ըստ նախարարությունների և այսօր երեկոյան կներկայացվեն, իսկ այնուհետև կհաստատվեն կառավարության կողմից:
Նախարարն ավելացրեց նաև, որ ի տարբերություն 18 տարեկան զորակոչիկների, սպաները կստանան բարձր աշխատավարձ: «ես կարծում եմ, որ սպասվող մեծ գործազրկության պայմաններում շատերը շահագրգռված կլինեն ոչ միայն կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, այլև կկարողանան այդ աշխատավարձով պահել իրենց ընտանիքները»,-եզրափակեց նախարարը:
Ա. Հ., «Ազգ», 1992թ., 3 նոյեմբերի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.