November 27, 2024

Կլինի դժվարին պայքար

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Մի քիչ ծայրահեղ կթվա, եթե ասենք, որ հիմա թերևս գտնվում ենք այն վիճակում, որում կարող էինք գտնվել՝ առանց նախորդ տարիների պայքարի, ուղղակի մեր պայքարը սկսելով օգոստոսի 22-ին: Ասածիս մեջ, իհարկե, ծայրահեղություն կա, բայց և՝ ճշմարտության հատիկ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ գուցե սխա՞լ էր նախորդ տարիների պայքարը, գուցե սխա՞լ էինք մենք: Գուցե զու՞ր էին մեր կորուստները: Ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ, որ  նախորդ պայքարի շնորհիվ  հիմա գտնվում ենք ուրիշ կետում, ավելի լավ վիճակում, ավելի առաջացած դեպի Անկախությունը:

Ինչ որոշումներ ընդունեցինք մեր իշխանության գալուց հետո: Ընդունեցինք հռչակագիրը, հայտարարեցինք, որ կարևորագույն ազգային խնդիրը անկախ պետականության վերականգնումն է: Չնայած, իհարկե, չէր բացառվում, որ միջանկյալ պահեր լինեին, երբ գնայինք փոխզիջումների, լինեինք տարբեր կոնֆեդերացիաների, ֆեդերացիաների մեջ, բայց ճանապարհը նշված էր՝ դեպի անկախ պետականություն: Մենք բոլորս գիտակցում էինք, որ դրա համար իրավական հիմք կարող է լինել հանրաքվեն: Որոշում ընդունվեց անցկացնել հանրաքվե: Մենք գիտակցում ենք նաև, որ Հայաստանը նույնիսկ քաղաքական անկախություն ստանալուց հետո դեռ երկար տարիներ տնտեսապես կապված կլինի մյուս հանրապետությունների հետ: Դա անխուսափելի է: Նույն վիճակում են գտնվում Միության մյուս հանրապետությունները: Բոլորս էլ հասկանում էինք, որ մի քանի տարվա ընթացքում ստեղծել մի այնպիսի համակարգ, որով քաղաքական անկախությանը կմիացնենք նաև ռեալ տնտեսական ինքնուրույնությունը,  անհնար է:

Կար մի ուրիշ հարց՝ Արցախը: Մենք հասկանում էինք, որ գնալով անկախության, մենք անընդհատ հարվածներ ենք ստանալու: Ու հարվածելու են Արցախով: Այդ ժամանակ մենք բնազդով զգում էինք (դա ձևակերպվում էր որոշ ելույթների մեջ), որ առանց հրաժարվելու Արցախի և Հայաստանի  վերամիավորման մտքից, առանց հրաժարվելու Արցախի հարցից, այնուամենայնիվ, պիտի փորձեինք այդ երկու խնդիրներն իրարից անջատել: Արցախի խնդիրը պետք է վերածվեր միաջազգային հասարակայնության, Խորհրդային Միության ժողովրդավարական ուժերի խնդրի: Դա շատ դժվար էր, բայց այդ ուղղությամբ զգալի աշխատանք արվեց: Որոշ հաջողություններ ունեցանք: Իսկ ինչպե՞ս վարել առօրյա քաղաքականությունը: Այստեղ էլ գրեթե ամեն ինչ պարզ էր: Մենք տեսնում էինք, որ Խորհրդային Միությունում քաղաքական փլուզումը ընթանում է ալիքաձև: Նա երբեմն սեղմվում էր մի միասնական պետության մեջ, և այդ ժամանակ պետք էր վարել զգույշ քաղաքականություն: Բայց ամեն մի սեղմումից հետո սկսում էր քաղաքական ընդարձակումը, երբ յուրաքանչյուր հանրապետություն աշխատում էր լավագույն ձևով օգտագործել ստեղծված հնարավորությունները: Դա մենք գիտակցում էինք, բայց, ցավոք սրտի, շատ անգամ մեզ չէր հաջողվում: Մենք ցնցվում էինք, երբ սեղմում էր լինում, և չէինք օգտվում թուլացման հնարավորություններից: Գիտակցելով այդ քաղաքականությունը՝ երբեմն ճիշտ, երբեմն սխալ գնում էինք այդ ճանապարհով:

Աննախադեպ ծանր վիճակ ստեղծվեց մայիս ամսից հետո, երբ Խորհրդային Միությունը սկսեց սեղմվել: Զգացվում էր, որ դա բավական երկար է տևելու: Առաջ քաշվեց միութենական պայմանագրի հարցը: Մենք սկսեցինք անընդհատ հարվածներ ստանալ: Շատ մտահոգիչ էր վիճակը: Նրանք, ովքեր զբաղվում էին տնտեսությամբ, լավ հասկանում էին, թե ինչ է կատարվում, և անընդհատ մտորում էին այս կամ այն ձևով մասնակցել միութենական պայմանագրին, իհարկե, առանց հրաժարվելու մեր անկախության ճանապարհից, կամ իբրև ասոցիացված անդամ կամ բանակցությունների գնալով՝ ինչ-որ ձևով դուրս գալ այն ծուղակից, փակուղուց, որի մեջ կամա թե ակամա ընկել էինք: Մեր բախտը բերեց:

Հեղաշրջման երեք օրն ասես ի վերուստ տրվեց, որպեսզի դուրս բերի մեզ փակուղուց: եվ ասեմ, որ ստեղծված այդ 9-6 համախումբը իր մեջ ինչ-որ անբնական բան էր պարունակում, որովհետև տարբեր հանրապետությունների տնտեսության ղեկավարների, որոշ քաղաքական գործիչների հետ բանակցելիս բոլորը գտնում էին, որ քաղաքական որոշումների ժամանակները անցել են, պետք է անցնել տնտեսական հարցերի: Այսինքն՝ 15 հանրապետույթունները պիտի մի տնտեսական համակարգի մեջ լինեն, բայց քաղաքական տեսակետից կարող են ունենալ անկախ, կիսաանկախ  վիճակ: Այսինքն՝ այդ պրոցեսի մեջ անբնականություն կար: Անբնականությունը պայթեց: Հեղաշրջումից հետո ստեղծվեց մի տարօրինակ իրավիճակ: Առաջացան հնարավորություններ, որոնց մասին երազելն անգամ հնարավոր չէր: Դեմոկրատական էյֆորիա սկսվեց: Պետության ղեկավարները միշտ առաջնորդվում են հաշվարկներով: Բայց նրանք չեն կարողանում անտեսել ժողովրդի ճնշումն իրենց վրա:  Այդ ժամանակ դեմոկրատական ճնշումը այնքան մեծ էր, որ կարելի էր ստանալ այն, ինչ սովորական հաշվարկներով ստանալ հնարավոր չէր: Դա իմ կարծիքն է, և ոչ միայն իմ: Խորհրդակցություններ եղան Գերագույն խորհրդի նախագահությունում, տևեցին 2-3 օր: Պետք էր, առանց սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հրաժարվելու, այնուամենայնիվ, Գերագույն խորհրդում հայտարարել անկախություն:

Դա տուրք չէր մոդային: Եթե մյուս հանրապետությունները հռչակում էին, մոդայի հետևից չէ, որ ընկել էին: Կային տարբեր պատճառներ: Որոշ հանրապետություններում դրա միջոցով իշխող խավը ուզում էր պահել իր իշխանությունը: Որոշ հանրապետություններ գնում էին նորմալ ճանապարհով, ստեղծված իրավիճակից պետք էր օգտվել: Այդ պայմաններում անկախության հռչակումը մեզ որևէ վնաս չէր կարող տալ: Աշխարհը շատ էր բարիացել:

Անհնար էր ուժի կիրառումը այդ ժամանակ: Եվ պետք է ասեմ, որ մերձբալթյան հանրապետություններից հետո միայն Հայաստանն  էր, որի անկախությունը համաշխարհային հասարակական կարծիքը, ռուսական ժողովրդավարական շարժումները այս կամ այն կերպ ընդունել էին: Մենք շատ արյուն էինք  թափել, պայքար էինք մղել, և եթե անկախություն հռչակեինք, ամենայն հավանականությամբ մեզ չէին ճանաչի, բայց հետևողականորեն կմնայինք մեր դիրքում: Եվ չէինք նահանջի: Ամսի 22-ից Արցախն էլ պետք է միանգամից հռչակվեր անկախ հանրապետություն: Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումը պետք էր Ղարաբաղին, Ղարաբաղն էր այդ շարժման առաջամարտիկը: Եվ նույն թշնամիներն ուներ, նույն յազովները, պուգոները, կրյուչկովները9: Եվ այն պարտքի զգացումը, որով համակված էր ժողովրդավարական շարժումը, կնպաստեր Հայաստանի անկախության հռչակումը և Ղարաբաղի անկախ հանրապետության հռչակումը ինչ-որ ձևով իրարից անջատել: Մտովի մենք չենք բաժանում և միշտ սատար ենք կանգնելու Ղարաբաղին, բայց այդ պահին Ղարաբաղի հարցը ճիշտ կլիներ տալ ժողովրդավարական շարժման ձեռքը: Եվ ինչ-որ լուծումներ կարող էին գտնվել: Եթե ոչ կառավարական, ապա դեմոկրատական շարժման ճնշումն այս կամ այն ձևով կառավարությունը պետք է հաշվի առներ:

Այդ էլ չարվեց:

Մյուս հանրապետությունները, երբ հռչակում էին անկախություն, նաև նախապատրաստվում էին համագումարի: Պարզ չէր, թե ինչ կլիներ: Ամեն մեկն ուզում էր մի քարտ ունենալ, որ համագումարի ժամանակ կարողանար կողմնորշվել:

Հիմա անդրադառնանք Մոսկվայի պայմանագիրը ստորագրելուն: Մենք, իհարկե, գնացինք Մոսկվա՝ առանց խաղաթուղթ ունենալու: Ճիշտ կլիներ ունենալ այդ անկախության խաղաթուղթը: Հիմա հարց է առաջանում. Մոսկվայում իմաստ ունե՞ր ստորագրել այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: Իմ խորին համոզմամբ, հեղաշրջման շնորհիվ դուրս գալով մի ծուղակից, ստորագրելով՝ մտանք մյուս ծուղակը, որովհետև շատ հավանական է, որ հիմա այստեղից դուրս գալը տանի նույն առճակատումներին: Եվ կրկին Ղարաբաղի հարցը օգտագործվեց ծուղակից մեր դուրս գալու պահին: Իհարկե, հիմա այնքան արագ են ընթանում դեպքերը, այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որ  կարող ես մի հնարավորությունը կորցնել, բայց մի ուրիշը գտնել:

Սակայն առաջնորդվել դրանով իմաստ չունի, ցանկացած բարենպաստ պայման պետք է օգտագործել մինչև վերջ: Ամենայն հավանականությամբ ճիշտ կլիներ չստորագրել, կանգնել կողքի, դա առճակատում չէր առաջացնի: Մեր նախորդ եռամյա  առճակատումներին  նոր առճակատում չէր ավելանա: Մենք կասեինք՝ սեպտեմբերի 21-ին հանրաքվե պիտի անենք, կարող ենք որպես դիտորդ մասնակցել, իսկ հանրաքվեի արդյունքով կորոշենք  մեր մասնակցության աստիճանը այս նոր ստեղծվելիք Միությունում: Ընդ որում, եթե խոսում ենք զգուշության մասին, ապա դա էր զգույշ քաղաքականությունը, ոչ թե փակ աչքերով մի բանի մեջ մտնելը: Ասեմ, թե ինչպիսին է իրավիճակը: Խորհրդակցություն էր անցկացվում 1992 թվականի տնտեսական պայմանագրերի մասին: Մասնակցում էին բոլոր 15 հանրապետությունների ներկայացուցիչները: Առաջարկված էր Յավլինսկու ծրագիրը10. անկախ նրանից՝ դուք մոսկովյան անդամ եք, թե չէ, կարող եք ստորագրել այս տնտեսական պայմանագիրը, որը կնքվում է 5 տարով, և որի շնորհիվ մեծ տերությունները կարող են գոյատևել: Այսինքն՝ արդեն եկել են այն եզրակացության, որ տնտեսությունը և քաղաքականությունը պետք է իրարից զատել: Մեզ քաղաքական տեսակետից հնարավորութունէր տրված  մի քայլ ևս անել դեպի անկախություն: Մենք չարեցինք, իսկ տնտեսության տեսակետից ինչ-որ երազում էինք, իրականացվում էր: Չնայած այս քայլերը հանգեցրին նրան, որ մեր հարաբերությունները արդեն իսկ վատ էին Ադրբեջանի հետ, հիմա էլ պիտի վատանային Վրաստանի հետ: Եվ մենք փակվում ենք վերևից: Նրանք անկախության կողմնակից են,  մենք՝ Միության:

Երեկ ես լսում էի ելույթները: Ելույթ էին ունենում մարդիկ, որոնք, 3-4 տարի թաքնված, չէին համարձակվում խոսել անկախության դեմ, հիմա նրանց լեզուն բացվեց: Իսկապես, պետք է խոստովանել, որ նախորդ 100-ամյակի ընթացքում մեր ժողովրդից բավականին հեռացել էր անկախության զգացումը: Մենք դժվարությամբ, պայքարի միջոցով մտցրինք ժողովրդի մեջ այդ գաղափարը: Հիմա մեծ ուրախությամբ նորից հրաժարվում ենք՝ հանուն կոնֆեդերացիայի, հույս ունենալով, որ այդ վիճակն այդպես էլ կմնա: Չի մնա: Կամ մենք այդ Միությունում կդառնանք շոտլանդացիների նման էկզոտիկ մի ազգ, կամ դուրսը կլինենք: Կլինի դժվարին պայքար, բայց կունենանք անկախ պետություն, կկարողանանք իրականացնել մեր ազգի նպատակները:

Հիմա չմասնակցելն այդ մարմինների աշխատանքներին արդեն ենթադրում է որոշ առճակատում: Դժվար է ասել՝ ինչ ուղղությամբ կգնա այդ միությունը: Կան ուժեր, որոնք ձգտում են նորից համախմբվել, ուժեղացնել այն: Խոսքը  և՛ կենտրոնի, և՛ Ռուսաստանի, և՛ որոշ հանրապետությունների ղեկավարությունների մասին է, որոնք միայն միության միջոցով կարող են պահել իրենց իշխանությունը հանրապետություններում: Դա հստակ երևում է Միության միջինասիական հանրապետությունների օրինակով: Դա սեփական ժողովրդի դեմ պայքարելու մի ձև է: Կան ուժեր, որոնք ձգտում են ուժեղացնել այդ միությունը: Բայց կան նաև պատմական օբյեկտիվ ուժեր, որոնք քանդելու են այն: Մենք նորից ընկնում ենք քաոսի, առճակատումների շրջապտույտը: Տա Աստված՝ ես սխալվեմ, և նորմալ ճանապարհով գնանք: Բայց ոչ մի բան չէր խանգարում մի կողմ կանգնելուն ու սպասելուն: Ամենայն հավանականությամբ, թողնելով մեր ներկայացուցչությունները տնտեսական կոմիտեների մեջ, որոնք հիմա գործում են Մոսկվայում մինչև ամսի 21-ը, պետք է կասեցնել մեր մասնակցությունը Պետական խորհրդում և սեպտեմբերի 21-ից հետո վերանայել այդ հարցը: Ինչքան ուշ այդ անենք, այնքան ավելի մեծ առճակատում կպահանջվի մեր կողմից: Վերացավ նախորդ առճակատումը. մենք նորից մտնում ենք նոր առճակատումների մեջ: Սա է իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Բայց ասեմ նաև, որ պայքարը նոր է սկսվում: Եթե մեկը մտածում է, որ մենք արդեն լավ վիճակում ենք, սխալվում է: Ոչ: Մենք պայքարել ենք, և պայքարը շարունակվելու է: Իսկ դրա համար պետք է ունենանք միասնական ժողովուրդ: Ի՞նչ է նշանակում միասնական ժողովուրդ: Ոմանք ասում են՝ դա անհնարին է: Իսկապես կան տարբեր քաղաքական կազմակերպություններ, որոնք բոլոր շրջանակներում իրար հետ պետք է քաղաքական պայքար մղեն: Իսկապես կան տարբեր խավեր՝ տարբեր շահերով ու հակասություններով: Եվ այն միասնությունը՝ որպես կատարյալ միասնության, որի մասին երբեմն խոսում են, հնարավոր չէ: Բայց մենք պետք է միասնական լինենք մեր ազգային խնդիրների, մեր հավատքի, մեր ապագայի, մեր ազգի առաքելության շուրջը: Յուրաքանչյուր անհատ (մանավանդ ստեղծագործ մտավորականությունը), կամա թե ակամա, բնազդով թե գիտակցաբար, գիտակցում է, որ պատահական չէ իր աշխարհ գալը, որ մի բան պիտի թողնի աշխարհին, ինչ-որ բան պետք է ստեղծի. ասենք, մի բանաստեղծություն պետք է գրի, մի թեորեմ ապացուցի… Եվ ներքին հավատն է, որ մարդկանց ստեղծագործական ուժ է տալիս:

Նույնն է ազգերի համար: Այն ազգը, որը կորցնում է հավատքը իր առաքելության, իր ազգի նկատմամբ, ու նրան մտահոգում են լոկ սոցիալական հարցեր, դատապարտված է սոսկ գոյատևման:

Երբ ասում եմ ազգ-կազմակերպություն, նորություն չեմ ասում: Այդ միտքը հնչել է 1988-ի ելույթների ժամանակ: Ինչու՞ այն ժամանակ դա չէր որակվում որպես այլ բան: Իսկապես, յուրաքանչյուր ազգի նպատակը ինքնակազմավորումն է: Ազգային պետության մեջ ինքնակազմավորումը բերում է պետության ստեղծմանը: Բայց մեր ազգի համար, որի մեծ մասը  Հայաստանից դուրս է, սփռված է աշխարհով մեկ, ինքնակազմավորումը պետք է լինի համաշխարհային ինքնակազմավորում:

Եվ դա ֆաշիզմ չէ, որում ինձ մեղադրում են: Այդ մեղադրանքները շատ նման են 30-ական թվականների պիտակներին: Ի՞նչ ենք ուզում, ապազգային բազմությու՞ն դարձնել մեր ժողովրդին: Մեր ազգի հավատքը սասանվում է: Այս խնդրում, իհարկե, շատ մեծ նշանակություն ունեն սոցիալական հարցերը: Երբ մենք իշխանության եկանք, բոլորս լցված էինք հավատով: Ժողովուրդն էլ էր հավատում, որ շատ կարճ ժամանակում կլուծվեն սոցիալական հարցերը. չի լինի կաշառակերութուն, արդար, բարգավաճող հասարակարգ կստեղծվի, և մենք կկարողանանք գնալ առաջ: Դա տեղի չունեցավ: Իհարկե, կարելի էր ավելի լավ աշխատել այդ ուղղությամբ, բայց մենք ըմբռնեցինք, որ դա ոչ թե մեկ, այդ երկար տարիների ջանքեր է պահանջում:

Նույն հոգսերը Մերձբալթիկայում էին, նույն սոցիալական հարցերը: Ապստամբություններ էլ էին լինում, բայց ազգային միասնությունը չէր սասանվում: Ես նորից եմ ասում՝ չեմ ընդունում մինչև կյանքի վերջը այս կամ այն կազմակերպության կամ կուսակցության դեմ պայքարելու կոչերը: Ներկայումս ես չեմ տեսնում մի կազմակերպություն, որը չի մտածում ազգի ապագայի մասին: Բոլոր կազմակերպություններն այս կամ այն կերպ մտածում են, և փոխանակ դիմելու «բաժանիր, որ տիրես» սկզբունքին, ընդհակառակը, պետք է համախմբել ուժերը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր լուման ներդնել այն պայքարի մեջ, որը մեզ սպասում է առջևում: Ես ուզում եմ դիմել ՀՀՇ-ի իմ հին ընկերներին. իշխանության գալուց առաջ, երբ մենք պայքարում էինք բռնատիրության դեմ, միասնաբար գործում էին երկու տարբեր ուժեր՝ ստեղծագործ և քանդող, որոնք մի նպատակ ունեին: Միայն այս տոտալիտար կարգերը քանդելով մենք ստեղծեցինք, և այժմ ժամանակն է, որ քանդող ուժերն անջատվեն ստեղծագործ ուժերից: Ես կոչ եմ անում իմ բարեկամներին, իմ ընկերներին, որպեսզի մենք միասնաբար կարողանանք լուծել մեր խնդիրները, եկեք թողնենք կասկածները, բանսարկությունները…

Ձեռք ձեռքի, ուս ուսի տված գնանք առաջ: Միայն քաղաքական գործիչների շախմատային խաղերով մեր հարցերը չեն լուծվի, եթե մեր ժողովուրդը համախմբված չլինի ազգային իղձերի, ազգային գաղափարների շուրջը:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը ՀՀ  ԳԽ  նստաշրջանում, 1991թ. սեպտեմբերի 10

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives