November 27, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Առանց հավատի հնարավոր չէ պետություն ստեղծել

Առանց հավատի հնարավոր չէ պետություն ստեղծել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ տարի է անցել այն օրից, ինչ մեր Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը, և մեր ժողովուրդը հայտարարեց, որ առաջնահերթ ազգային խնդիրը անկախ պետականության վերականգնումն է: Հազիվ թե որևէ մեկը այժմ չընդունի, որ ազգային խնդիրների մեջ դա իրոք առաջնահերթն է:

Համաշխարհային պատմությունը ժողովուրդների, ազգերի մրցակցություն է հանուն իրենց բարեկեցության, ազդեցության ոլորտի ընդլայնման, հզորացման, և այդ պայքարում կարևորագույն նշանակություն ունի ազգի ինքնակազմավորումը՝ որպես պետություն: Այսինքն՝ հզորության երաշխիքն ու նախապայմանը պետություն ունենալն է: Հարյուրավոր տարիներ չունենալով պետականություն՝ մենք փորձել ենք լուծել տարբեր ազգային խնդիրներ, բայց ոչինչ չի ստացվել, և ինչ-որ պահից սկսած արդեն ազգային խնդիր էր դարձել զուտ գոյատևելը:

Ծանր կորուստներ տալով՝ մենք ավելի լավ ենք գիտակցում, թե ինչ անհրաժեշտություն է պետականության վերականգնումը: Մենք հռչակեցինք մեր առաջնահերթ խնդիրը՝ անկախ պետականության վերականգնումը, և ես գտնում եմ, որ դրա համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Բայց կարող է հարց ծագել՝ մի՞թե նախորդ հարյուրամյակների ընթացքում այդպիսի բարենպաստ պայմաններ չեն եղել: Ծանոթանալով մեր պատմությանը՝ ես տեսնում եմ, որ մանավանդ վերջին 2-3 հարյուր տարվա ընթացքում եղել են պահեր, երբ կարելի էր վերստեղծել մեր պետությունը, բայց մենք կորցրել ենք այդ հնարավորությունը: Այդ հարյուրամյակների պատմությունը ես կանվանեի կորցրած հնարավորությունների պատմություն: Ի՞նչն է պատճառը, ինչու՞ ենք կորցրել այդ հնարավորությունները: Իմ կարծիքով, պակասել է ներքին հավատը մեր ուժերի, մեր ազգի ապագայի, մեր առաքելության նկատմամբ: Այն ազգերը, որոնք կորցնում են այդ հավատը, ձուլվում են, կամաց-կամաց վերանում են աշխարհի երեսից:

Առանց հավատի՝ հնարավոր չէ ոչ պետություն ստեղծել, ոչ էլ երկար ժամանակ պահպանել այդ պետությունը: Հայտնի են բազում ազգեր, որոնք կազմավորվել են իբրև պետություն, հզորացել են… Երբ խորանում ենք նրանց պատմության մեջ, տեսնում ենք, որ ամեն մի այդպիսի ժողովուրդ, ամեն մի ազգ ունեցել է մի պահ, երբ պահանջվել է, որ ի մի բերվի իր ողջ հոգեկան հզորությունը, ոգևորությունը, հավատը, և այդ ամենն ուղղվի դեպի ապագան: Այդ հավատը, իմ կարծիքով, 2-3 հարյուր տարվա ընթացքում մեզ խիստ պակասել է:

Կարելի է մշակել նուրբ քաղաքականություն, կարելի է իրականացնել բարդ քաղաքական խաղեր, բայց դրանք արդյունք չեն տա, եթե այդ քաղաքականության հետևում կանգնած չէ մի ժողովուրդ՝ համախմբված նույն ազգային պատգամով, նույն ազգային հավատով, նույն ազգային իղձերով:

Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին ճիշտ ուղու՝ անկախ պետականության վերականգնման հռչակագիրն ընդունելու համար և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքական գործիչներին, մտավորականությանը զարգացնել մեր ժողովրդի մեջ եղած հզորության հատիկը, բարոյական ուժ տալ նրան, հավատ ներշնչել մեր ազգի ապագայի նկատմամբ, որովհետև միայն այդ դեպքում կկարողանանք լուծել մեր խնդիրները: Ու նաև համախմբվելով: Ողջ աշխարհի հայությունը համախմբվելով կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Այս աշխարհագրական դիրքում Հայաստանը, անգամ եթե լինի անկախ պետություն, միայն հզորությամբ չի կարողանա լուծել իր ազգային խնդիրները, եթե կազմակերպված չլինի որպես մի համաշխարհային կառույց: Սա ժողովրդավարության սահմանափակում չէ, ֆաշիզմ չէ, սա ազգային անհրաժեշտություն է, և եթե մենք կորցնենք այս պահը ևս, ապա մեր կորցրած հնարավորությունների շղթային կավելանա ևս մի օղակ:

 

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը հեռուստատեսությամբ՝  ՀՀ ԳԽ անկախության հռչակագրի ընդունման տարելիցի առթիվ, 1991թ., օգոստոսի 23-ին

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives