November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Անկախություն ստանալու շանսերը մեծ են

Անկախություն ստանալու շանսերը մեծ են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Վաղը՝ օգոստոսի 13-ին, լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին: Բնական կլիներ ամփոփել այս մեկ տարում կատարվածը. ի՞նչ են արել գործադիր իշխանությունները, ի՞նչ հաջողություններ կան, ի՞նչ բացթողումներ և թերություններ: Ձեր հարցերով դուք հավանաբար կշոշափեք այդ ամենը, իսկ ես կուզենայի առաջ անցնել: Խոսենք, ավելի լավ է, ապագայի մասին, որովհետև առջևում վճռական և ծանր օրեր են, և արժե քննարկել այն, ինչ սպասվում է:

Կամենում եմ անդրադառնալ առաջիկա կարևորագույն հարցերին՝ հանրաքվեին և միութենական պայմանագրին: Ես չեմ ուզում քննարկել մեր ընտրած ուղու ճշմարտացիությունը, որովհետև անկախության ազգային նշանակությունը բացատրության կարիք չունի: Մենք որոշում ենք ընդունել սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացնել: Հանրաքվեի դրական արդյունքը, ճիշտ է, դեռևս անկախություն չէ, բայց անկախության հասնելու կարևորագույն քայլերից մեկն է, թերևս՝ վճռականը: Հանրաքվեն այս կամ այն կերպ կապվում է միութենական պայմանագրի հետ, և դա հասկանալի է, որովհետև մեր ժողովրդի կենսական շահերին առնչվող հարց է: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքին, ապա կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը կպատասխանի «այո»: Հանրաքվեի հարցը դուրս է գալիս քաղաքական շրջանակներից: Որքան հիշում եմ, Իգոր Մուրադյանն է քաղաքականից զատ այն համարել ազգային արժանապատվության հարց: Ես չեմ պատկերացնում ազգ, որը «ոչ» է պատասխանում անկախ պետականություն ունենալուն: Գուցե խիստ երևա, բայց «ոչ»-ից հետո այդ ազգը արժանի՞ է արդյոք գոյատևելու: Ես համոզված եմ՝ «այո» կասի ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

Պետք է քննարկել նաև այն հարցը, թե հանրաքվեից հետո մեզ ինչ է սպասում: Երբեմն հարցնում են, թե ինչ ծրագիր ունի կառավարությունը, ինչ է անելու հանրաքվեից հետո: Ասեմ, որ խոսել հատուկ ծրագրի մասին անիմաստ է: Ամեն ինչ պարզ է. ի՞նչ տարբերակներ կարող են լինել: Առաջինը՝ գրեթե անհավանական մի բան՝ հանրաքվեին պատասխանում ենք «այո», և Խորհրդային Միությունը մեզ դուրս է շպրտում: Այսինքն՝ հայտարարում է, թե մենք անկախ պետություն ենք, և ինքը մեզ հետ գործ չունի: Ես չեմ ուզում մանրամասն քննարկել, թե ինչու է դա անհավանական, երևի բոլորդ էլ հասկանում եք: Բայց ինչ կլինի մեզ հետ այդ դեպքում: Եթե ոմանց թվում է, թե կառավարությունը կարող է ինչ-որ ծրագիր մշակել, և մենք, դուրս գալով միջազգային շուկա, մեզ կպահենք, ապա չարաչար սխալվում են: Մենք կունենանք այնպիսի մի քայքայված տնտեսություն, որ ինքներս պահել չենք կարողանա: Եվ այդուհանդերձ այս տարբերակը ես դրական եմ համարում: Մենք ստանում ենք դարերով երազած մեր անկախությունը, թեև միանգամից ընկնում ենք շատ ծանր վիճակի մեջ: Բայց այդ ծանր վիճակում մենք՝ արդեն որպես անկախ պետություն, կկարողանանք օգտվել  համաշխարհային հասարակայնության աջակցությունից, ոտքի կկանգնենք, դա տարիներ կտևի, բայց վաղ թե ուշ կդառնանք նորմալ պետություն, կբարգավաճենք:

Երկրորդ տարբերակն այն է, ինչ մենք ուզում էինք. հանրաքվեից 5 տարի անց գնում ենք Մոսկվա բանակցությունների և քաղաքակիրթ ձևով, սահմանադրորեն, քայլ առ քայլ, առանց իրար վիրավորելու, անջատվում ենք Խորհրդային Միությունից: Այս տարբերակը ես համարում եմ գրեթե անհնարին, թեև դա լավ տարբերակ է, որովհետև մենք կկարողանանք քիչ կորուստներով ստեղծել մեր անկախ պետութունը:

Երրորդ տարբերակը ամենահավանականն է. մեզ դուրս չեն շպրտում: Արտաքին սահմանը մնում է, մեզ հայտարարում են երկրորդ տեսակի հանրապետություն, սկսում են ճնշումներ՝ և ռազմական, և տնտեսական: Եվ դա տևում է բավականին երկար: Սա ամենածանր տարբերակն է:

Չորրորդ տարբերակը. եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ հիմա է: Այսինքն՝ ոչ մի պայմանագիր հանրապետությունների միջև չի կնքվում, մենք շարունակում ենք գոյատևել Խորհրդային Միությունում, բայց վճռական քայլն արդեն արած ենք լինում անկախության վերաբերյալ մեր հանրաքվեով և հարմարվելով հանգամանքներին՝ այսպես թե այնպես ստանում ենք  անկախություն:

Բոլոր դեպքերում անկախություն ստանալու շանսերը մեծ են, բայց դրան հասնելու ճանապարհը՝ շատ դժվարին: Այս պայմաններում, իհարկե, արժե մտածել, թե ովքեր կարող են լինել մեր դաշնակիցները, որպեսզի ուս ուսի ավելի հեշտ անցնենք այդ դժվարին ճանապարհը: Արտաքին դաշնակիցների՝ Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի և այլոց հետ ես լուրջ հույսեր չեմ կապում. նրանց դիմելը քաղաքական մուրացկանության պես մի բան է: Հասարակական կարծիք, իհարկե, պետք է ստեղծել, բայց դա չէ մեզ փրկողը: Մեր բնական դաշնակիցները այն հանրապետություններն են, որոնց հետ միասին կազմում ենք այս Խորհրդային Միությունը: Ի՞նչ է ընկած այս դաշնակցության հիմքում: Բոլոր հանրապետությունները ձգտում են ստեղծել անկախ պետություն: Ըստ որում յուրաքանչյուրն իր ճանապարհն է ընտրել, մեկը՝ հանրաքվեի միջոցով, մյուսը՝ պայմանագրին միանալով, այն հույսով, թե հետո ինչ-որ կերպ դուրս կգա, բայց, ինչպես ասացի, բոլորն էլ ձգտում են անկախության: Սակայն բոլոր հանրապետություններն էլ հասկանում են, որ հիմա միայնակ չեն կարող դիմանալ: Անկախ քաղաքական որոշումներից՝ տնտեսապես դեռ 5-10 տարի իրար հետ կապված են լինելու և ինքնուրույն ապրել չեն կարողանալու: Այս դեպքում շահագրգռվածություն կա, որը թույլ է տալիս հուսալու, թե այդ հանրապետությունների հետ կարելի է դաշինք կնքել, որը ըստ էության կապված է միութենական պայմանագրի հետ:

Իհարկե, մենք կարող ենք հայտարարել, թե միութենական պայմանագրին չենք միանում, հանրաքվեից ստանում ենք դրական արդյունք և գնում ենք առաջ: Կարող է պարզվել, որ դա ամենաճիշտ տարբերակն է: Բայց դա փակ աչքով սառը ջրի մեջ նետվելու պես մի բան է, կարող է լավ լինել, կարող է՝ վատ: Հիմա այդ տարբերակը գնահատել հնարավոր չէ: Կա մյուս ծայրահեղ տարբերակը. պայմանագիրը կնքում ենք, հանրաքվեն հետաձգում, բայց դա նշանակում է հրաժարվել ընտրած ուղուց, ազգային արժանապատվությունը ոտնատակ անել և հետագայում որևէ արդյունքի չհասնել: Ուրեմն ի՞նչ պետք է անենք: Ո՞ր դեպքում պայմանագիրը իմաստ կունենար ստորագրել. միայն մի դեպքում: Եթե նրանում կետ լիներ, թե ինչպես ենք դուրս գալու: Այդ պարագայում մեզ համար նշանակություն չէր ունենա՝  1922 թվականի պայմանագրից ենք դուրս գալիս, թե՞ 1991-ի, և հասկանալի է, որ պայմանագիր կնքելը իմաստ կունենար: Ամենայն հավանականությամբ դրան հասնել հնարավոր չի լինի, թեև շատ հանրապետություններ ուզում են այդ կետը մտցնել պայմանագրի մեջ, բայց առայժմ որևէ արդյունք չկա:

Երկու ճանապարհ կա: Բոլոր հանրապետություններն էլ շահագրգռված են մնալու ընդհանուր տնտեսական համակարգի մեջ: Ակտիվ քաղաքականություն վարելով հանրապետությունների՝ և 9-ի, և 5-ի հետ (որոնք մեզ հետ կազմում են վեցյակ)՝ մենք որոշակի արդյունքների կարող ենք հասնել: Համենայն դեպս տնտեսական առումով փորձում ենք այդ անել: Մենք 1992թ. օգոստոս ամսին պայմանագիր կկնքենք Ռուսաստանի հետ, որում ոչ մի կետով չի շոշափվի, թե ով է 9-ի մեջ, ով՝ 6-ի: Մենք այդպիսի պայմանագրեր կնքել ենք միջինասիական հանրապետությունների հետ և շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Աշխատում ենք գտնել պայմանագրերին մասնակցելու ձևը՝ ասոցիացված անդամ կամ որևիցե այլ բան, որպեսզի չհրաժարվելով անկախության ճանապարհից, այնուամենայնիվ, մեզ հարվածների տակ չդնենք: Ինչպիսի՞ տնտեսական հարվածներ կարող են լինել: Ասենք, պայմանավորվածություններ ունեինք ամերիկյան մի քանի ֆիրմաների հետ, որոնք ցանկանում էին գնել մեր խոշոր գործարաններից մի քանիսը: Հիմա նրանք հետ են կանգնում այդ մտքից, որովհետև ասում են՝ իրենց համար Հայաստանը հարմար խողովակ էր միութենական շուկա մտնելու համար, բայց քանի դեռ մեր վիճակը, մեր պայմանագրերը մյուս հանրապետությունների հետ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով կայուն չեն, ներդրումներ չեն անի: Այսպիսի դեպքեր էլի կան: Սա ցույց է տալիս, որ անկախության գնալով՝ մենք պիտի կարողանանք, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները պահել մյուս հանրապետությունների հետ, օգտվել տնտեսական մեր կապերից: Ես ընդհանուր եմ խոսում, բայց ցանկալի կլիներ այս թեմաների շուրջը հանգամանորեն խոսել, ոչ թե ելնել պոպուլիստական դիրքերից: Անհրաժեշտ է լրջորեն քննարկել՝ ինչ  կերպ կառուցենք մեր կապերը, փոխհարաբերությունները՝ առանց հրաժարվելու մեր ընտրած ուղուց:

Ես համոզված եմ, որ կհաջողվի ստեղծել ժողովրդավարական պետություն: Ժողովրդավարության մասին առհասարակ մեծ վեճեր են առաջանում՝ ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Երբ մենք Խորհրդային  Միության մի մասն էինք, այն կարգերը, որ կային Հայաստանում, թելադրված էին Խորհրդային Միության կողմից, մենք չէինք ընտրել այդ կարգերը: Հիմա, երբ մենք դուրս ենք գալիս ազատ աշխարհ, պետք է պարզել, թե որն է հայերիս համար կառավարման լավագույն ձևը. գուցե դա թագավորությունն է, միությունը կամ մի այլ բան: Բայց ուզում եմ նշել, որ ժողովրդավարությունը նույնպես մեզ պարտադրված է: Ես հիմա չեմ վիճարկում այն հարցը՝ ժողովրդավարությունը լավագույն ձևն է, թե ոչ, այդ վեճը անիմաստ է: Ինչպես սոցիալիստական երկրում մեզ այն կարգերն էին թելադրված, այնպես էլ հիմա, երբ մենք դուրս ենք գալիս ազատ աշխարհ, վերջինս է թելադրում, որ եթե մենք իր հետ ուզում ենք գործ ունենալ, պետք է ընդունենք այն կարգերը, որոնք ընդունված են այդ աշխարհի կողմից, այն է՝ ժողովրդավարական կարգերը, դեմոկրատիան: Այլ հարց է, եթե տարբեր երկրներում դեմոկրատիան տարբեր աստիճաններ չունենար: Ճապոնիայում դեմոկրատիան մի բան է, Ֆրանսիայում՝ մեկ այլ բան, Իսպանիայում՝ բոլորովին այլ: Մենք պետք է կարողանանք գտնել ժողովրդավարության այն եզրերը, որոնց դեպքում մեր ժողովուրդը չի դառնա ապազգային, սովորական, անորոշ մի ժողովուրդ:

Մեր ճանապարհի ուղղությունը պարզ է՝ սոցիալիստական պետական տնտեսական կառուցվածքից անցնել մասնավոր սեփականության, որի հիմքում ընկած է անհատի ձեռներեցությունը, մասնավոր սեփականությունը: Այդ ճանապարհը շատ դժվարին է, սպասվում են սոցիալական բարդ խնդիրներ: Եվ անկախ այն բանից, թե ով կվարի կառավարության ղեկը, ինչ իշխանություններ կլինեն, մենք անխուսափելիորեն այդ ճանապարհով ենք անցնելու, դա է մեր ժողովրդին ապագա խոստանում: Բայց անցման շրջանը ծանր է լինելու. կխորանա սոցիալական շերտավորումը, վեր կելնի մարդկանց մի խումբ, որն առաջին հայացքից համակրանք չի ներշնչի: Առհասարակ այն կարծիքը կա, որ ազգի 2-3 տոկոսն է օժտված ձեռներեցության բնածին ունակություններով, բայց Հայաստանում դա կկազմի 10-15 տոկոս, հետո տարիների ընթացքում կմաղվի, կմնա 2-3 տոկոսը:

Առանձնապես ծանր վիճակ կստեղծվի մտավորականության համար, նա կլինի անպաշտպան, և հատուկ ծրագրեր մշակելու կարիք կլինի, որպեսզի այդ տարիներին մտավորականությունը կարողանա իրեն պահպանել. անցման շրջանից հետո ամենակարևոր ուժը գիտական, ստեղծագործ մտավորականությունն է լինելու, և նա պետք է պահպանվի, ազգին առաջ մղի: Իհարկե, կստեղծվեն սոցիալական պաշտպանվածության մեխանիզմներ, դրանք կան ողջ աշխարհում, այդ նույն մեխանիզմներից կօգտվենք և մենք: Բայց ասել, թե այդ ճանապարհը սովորական, հանդարտ ընթացքով գնալով՝ այս աշխարհագրական դիրքում կստեղծենք Շվեյցարիայի կամ Դանիայի պես մի պետություն ու կբարգավաճենք, սխալ կլինի: Մեր ժողովրդից անընդհատ պահանջվելու է հոգեկան լարվածություն, ոգևորություն, ուժերի լարում ու թռիչք:

Հիմա Խորհրդային Միության մյուս հանրապետություններում դա լավ զգում են, որոշ ժողովուրդների մեջ ներքին լիցքավորում է կատարվում, զսպանակի սեղմում, նրանք վերանայում են իրենց պատմությունը, իրենց տեղն են ուզում գտնել աշխարհում: Խոսքը և՛ վրացիներին է վերաբերում, և՛ միջինասիական ժողովուրդներին. նրանք համախմբվում են, հոգեկան լիցք կուտակում իրենց մեջ, զգում են, որ առաքելություն ունեն: Ամեն մի ժողովուրդ իր առաքելությունն ունի և գիտակցում է, որ թռիչք է պետք, ոչ սովորական թռիչք, ոչ սովորական պայմաններում: Առանց զորության ու կորովի կարևորագույն խնդիրները չեն լուծվի, և մենք կունենանք մեկուսացված մի թույլ պետություն, որը դատապարտված կլինի ոչնչացման: Թերևս խիստ եմ ասում, բայց կարծում եմ՝ միտքս հասկանալի է:

Վարչապետ Վ.Մանուկյանի մամուլի ասուլիսը, 1991թ., օգոստոսի 12
«Հայաստանի Հանրապետություն», 1991 թ., 14 օգոստոսի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives