November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Պայքարում կարող ենք հաղթել միայն այն դեպքում, եթե կարողանանք զինվել, կազմակերպվել, հզորանալ

Պայքարում կարող ենք հաղթել միայն այն դեպքում, եթե կարողանանք զինվել, կազմակերպվել, հզորանալ

  • by Archives.am
  • 35 Years ago
  • Comments Off

Ոմանք պնդում են, որ Սումգայիթի կամ Բաքվի դեպքերը խաղաքարտ են, որը պետք է օգտագործել, այն մեր ժողովրդին շահ կբերի: Սուտ է: Ինչպես Ադանան մեզ չօգնեց, այնպես էլ Սումգայիթը չօգնեց, չի օգնի նաև Բաքուն: Կոտորվելիս օգուտ չես ստանում, կոտորվելիս միայն վնասվում ես: Իհարկե, պետք է հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, իհարկե, պետք է հաշվի առնել Ադրբեջանին, բայց բուն էությունն ինչն է. Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում են Ղարաբաղի համար, ով ուժեղ լինի, նա էլ կվերցնի: Ղարաբաղը մեր բուն հողն է, որը բնակեցված է հայերով: Դա է մեր ուժը:

Այս պայքարում մենք դրական շատ բաների ենք հասել, և դա է զայրացնում Ադրբեջանին: Այնպես որ չպետք է վախենալ, թե կան բազմաթիվ ուժեր, որոնք մեր դեմ դավադրություն են նյութում: Ոչ: Ամեն ինչ կախված է մեզանից, և մենք պետք է այդ պայքարում հաղթենք: Ես համոզված եմ՝ կհաղթենք:

Գետաշենի, Շահումյանի և Մանաշիդի կռիվները ցույց տվեցին, որ հայերը կարողանում են խիզախորեն կռվել: Մանաշիդի պայքարը իմ աչքի առաջ է,  ես չեմ մոռանա, թե ինչպես մի տղա դանակը ձեռքին խրամատից խրամատ էր վազում, բարձունք էր գրավում, նա հրացանով վերադարձավ: Դա է մեր պայքարի ուղին: Այդ պայքարում հաղթելու համար պետք է լինենք հզոր, կարողանանք կազմակերպվել, զինվել: Նույնը փորձում է անել Ադրբեջանը: Իհարկե, պնդել, որ մեր ժողովուրդը  միասնական է, հակասություններ չկան, սխալ կլինի: Նույնն էլ Ադրբեջանում է: Նրանց ժողովրդական ճակատը տրոհվել է երեք մասի, որոնց մեջ սուր հակասություններ կան: Սուր հակասություններ կան այստեղից գնացած ադրբեջանցիների և տեղացիների միջև, Նախիջևանի ադրբեջանցիների և մյուս շրջանների ադրբեջանցիների միջև: Նրանք փորձում են կազմակերպվել, փորձում ենք կազմակերպվել և մենք:

Ի՞նչ դեր է խաղում զորքը: Մենք կարող ենք հրաժարվել ամեն ինչից, հրաժարվել Ղարաբաղից, կարող ենք դատարկել Գետաշենը, Շահումյանը, խորհրդային զորք հրավիրել՝ խոստովանելով մեր թուլությունը, պաշտպանություն խնդրել: Համաձա՞յն եք դրան: (Ոչ:) Այդ դեպքում մեր կոչերը, որ զորքը մեզ պաշտպանի, անիմաստ են և նույնիսկ սխալ: Բաքվում զորքը չապահովեց հայերի անվտանգությունը, թեպետ լավ կլիներ, որ ապահովեր:

Բայց ասեմ, որ Մանաշիդի պայքարից հետո ես չեմ զգում, որ զորքի ներկայությունը Շահումյանում և Գետաշենում ինչ-որ ձևով առավելություն է տալիս մեզ: Եթե նույնիսկ ինչ-որ մի պահ առավելություն տա, ինչ-որ պահ պաշտպանի, բացասական  երևույթ է, որը մեր ժողովրդին հանգստացնում է՝ իբր մի զորք կա, որը իրեն կպաշտպանի: Ո՞վ ասաց, որ զորքի նպատակը մեզ պաշտպանելն է: Այդ զորքի առաքելությունը այս պետության քաղաքական նպատակներն իրականացնելն է, ոչ թե մեզ պաշտպանելը:

Չեմ ուզում երկարացնել: Մեկ անգամ ևս կոչ եմ անում, մենք պայքարի մեջ ենք, այդ պայքարում մեծ արդյունքների ենք հասել, և կհաղթենք միայն այն դեպքում, եթե կարողանանք զինվել, կազմակերպվել, հզորանալ: Միակ ուղին դա է. և՛ հետագայում, և՛ իրավաբանորեն, և՛ իրավական տեսակետից, և՛ փաստացիորեն Հայաստանին միացած կլինի և՛ Ղարաբաղը, և՛ Գետաշենը, ու կշարունակենք իրագործել մեր ժողովրդի մյուս նպատակները: Մենք և՛ կունենանք անկախ պետություն, և՛ կլուծենք ազգային մեր մյուս խնդիրները: Միայն թե չպետք վախենանք, հույսը ուրիշների վրա չդնենք և չմտածենք, որ մեր դեմ դավադրություններ են կազմակերպվում: Ո՛չ: Մենք բաց ճակատով կանգնած ենք մեր թշնամիների առջև:

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում, 1990թ., հունվարի 17
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives