«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)
Վերջերս պաշտոնական այցերը Հայաստան հաճախակի են դարձել։ Վերջին 10 օրվա ընթացքում մեզ մոտ եղավ ռուսաստանյան պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պատվիրակությունը, այսօր գալիս է Թուրքիայի ԱԳՆ-ի պատվիրակությունը: Բացի այդ, նախագահը եւ վարչապետը ընդունեցին Հայաստանումում ԱՄՆ–ի ժամանակավոր հավատարմատարին։
Նախ մտաբերենք վերջին շրջանի կարևորագույն ռազմաքաղաքական իրադարձությունները։
Պարտություններ Շահումյանում եւ Քարակերտում։ Մի քանի երկչոտ եւ ձեւական ճիգերից հետո Ադրբեջանին հանձնվեց Արծվաշենը։ Փոփոխական հաջողություններով կռիվներ են տեղի ունենում Արցախում, բայց փոխարենը Հայաստանի սահմանները ենթարկվում են անօրինակ հրթիռակոծման, որի հետեւանքով մեծաքանակ զոհեր եւ գաղթականների հոծ խմբեր՝ հենց սահմանամերձ շրջաններից, իսկ իշխանությունը իր առաջնահերթ անելիքները մոռացած, հոխորտանքներ է ուղղում ընդդիմությանը։ Եվ այս մթնոլորտում իշխանությունը ցուցադրում է դիվանագիտական գործունեության մի բացառիկ նմուշ՝ Հայաստան է այցելում Ադրբեջանի գաղտնի զենքի մատակարար Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը։
Չնայած ընդդիմության գործադրած ճշմանը, հայաստանյան իշխանությունները մտադիր չեն փոխել իրենց քաղաքական կուրսը։ Առաջվա նման, անկախ անմիջական հարևանների հետ փոխհարաբերություններ ստեղծելու առաջնահերթության իրենց փիլիսոփայության, իշխանությունները, չգիտես ինչու, որպես «հարեւաններ» են ընտրել Թուրքիան եւ Արեւմուտքը։ Փաստորեն սառեցված են հարաբերությունները Իրանի
հետ, պարագայական բնույթ են կրում հարաբերությունները արաբական երկրների հետ։ Ռուսաստանի մասին մեր նախագահը ընդհանրապես մոռացավ խոսել, լավ է, գոնե վարչապետը մտաբերեց այդ մասին։
Պետք է խոստովանել, որ Հայաստանի դիվանագիտական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում։ Մենք դադարում ենք արտաքին աշխարհի հետ հարաբերվել, եւ ասես ինչ-որ մեկը բռնել է մեր ձեռքից։ Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակում շատ հեշտ է անուղղելի սխալներ թույլ տալ։
Փառք Աստծո, Մակեդոնիայի անկախության ճանաչման հարցում ոնց որ կողմնորոշվեցինք, ժամանակին հասկանալով, որ ավելի լավ է չգնալ Հարավսլավիայի մասնատման դիրիժորների հետևից, ինչը կհանգեցներ Հունաստանի՝ մեր պոտենցիալ դաշնակցի հետ հարաբերությունների վատացմանը։ Կկարողանա՞նք արդյոք հետևողական լինել մեր դիվանագիտական ինքնուրույնության մեջ։ Արդյո՞ք մեկ այլ պարագայում Հայաստանի իշխանությունները չեն սխալվի եւ արդյո՞ք կոպիտ սխալ թույլ չեն տալիս այսօր, երբ Թուրքիայի հետ մտադիր են ծավալել ակտիվ հարաբերություններ՝ փաստորեն այդ քայլով հետ մղելով Իրանին, մշուշելով նրա հետ ստեղծվելիք հարաբերությունների հեռանկարը։ Բայց չէ՞ որ դժվար չէ հասկանալ, որ այդ երկիրը ոչ միայն մեր ելքն է Մերձավոր եւ Միջին Արեւելքի ընդարձակ տարածքներ, այլ նաեւ հյուսիսից՝ Ռուսաստանից եկող առանցքի մասն է, եւ կտրելով այդ առանցքի մեկ բևեռը, մենք ինքնաբերաբար կտրում ենք նաեւ մյուսը։
Իրանի հետ հարաբերությունների արգելակումը անմիջապես նեղացնում է մեր քաղաքական տեղաշարժերի հնարավորությանը Մոսկվայում, ուր ի հայտ են գալիս
ուժի նոր կենտրոններ, որոնց ազդեցությունը աճում և աճելու է օր-օրի: Իսկ այն, որ Մոսկվայում մեզ օդի պես տեղաշարժերի հնարավորություններ պետք է ստեղծենք, կարծում ենք ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, քանզի ինչպես կյանքը ցույց տվեց, միայն ծայրահեղ դեմոկրատներին ապավինելը սնանկ դուրս եկավ, քանի որ իրենք՝ Ռուսաստանի այսօրվա իշխանավորները, Ադրբեջանին են առատորեն զենք մատակարարում։
Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն թուրքական շոկոլադի եւ ամերիկյան բարեգործական ողորմության դիմաց հայկական պատմականորեն առաջացած աշխարհառազմավարությունը (գեոստրատեգիա) ջնջել, որովհետև այդ դեպքում հենց այդ իշխանությունները կանգնելու են իրենց դրած «քաղաքական սեղանիկի» առջեւ, որի վրա դրված կլինի հայ ազգի շահը։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են այդ խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ Ինչո՞ւ է հետաձգվում Թեհրանում Հայաստանի դեսպանատան բացումը։ Ինչո՞ւ հայ-իրանական պատվիրակությունների փոխայցելություններ չեն լինում։ Ո՞վ եւ ինչո՞ւ է խանգարում այդ գործին:
Մեր պղնձի, կապարի, արծաթի, ոսկու, գորգերի դիմաց հայաստանյան նորահարուստների գրպանները հոսող թուրքական դոլարնե՞րը, իսկ գուցե կա մեկ այլ գաղտնիք։ Եվ վերջապես Հայաստանի իշխանությունները հարկ կհամարեին այս հարցերի պատասխանները հրապարակավ տալ։
Այն էլ ասենք, որ անձնական կամ խմբային շահերը ազգի կենսական խնդիրներից վեր դասողներին պատմությունը միշտ էլ մի անփառունակ վախճան է նախատեսում։ Ու արժե այդ մասին մշտապես հիշել։
Կ. Պողոսյան