«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)
ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ մեր թերթի օգոստոսի 20-ի համարում՝ հրապարակված հարցազրույցում հրամանատարը մտահոգություն էր հայտնել զորակոչի վերաբերյալ։ Իրոք, չափազանց ծանր, բայց եւ հրատապ լուծում պահանջող հարց է, առանց որի անկասկած կձախողվի ազգային բանակի ստեղծման նոր-նոր սկսված գործընթացը։ Հիմնահարցն ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջինի հիմքը հանրապետության տնտեսության ճգնաժամային վիճակն է, որ թույլ չի տալիս տնտեսապես ապահովել զինակոչային տարիքի երիտասարդության բանակային ծառայությունը։
Չեն բավարարում զինվորներին անհրաժեշտ տարրական պիտույքները, ծառայության համար նորմալ պայմաններ են ստեղծվում միայն սահմանափակ թվով զինծառայողների համար։ Պետության անվճռականությունը, առկա բոլոր հնարավորություններն ու միջոցները բանակի, հանրապետության պաշտպանական կարիքներին ծառայեցնելու անկարողությունը հաղթահարելու անհրաժեշտությունն այսօր, առավել քան երբեւէ, զզալի է։ Զորակոչային տարիքի բոլոր երիտասարդները պիտի զորակոչվեն, եւ պետությունը պարտավոր է թեկուզ տնտեսության այլ ճյուղերի հաշվին ապահովել նրանց ծառայության նորմալ պայմաններ։ Հակառակ դեպքում, եթե զորակոչվում է զինապարտների միայն մի մասը, ինքնըստինքյան բազմաթիվ սողանցքեր են բացվում այլեւայլ երեւույթների համար, եւ ծնողների մեջ գլուխ է բարձրացնում «ինչո՞ւ հատկապես իմ որդին» հարցը։ Սրա պատասխանը պիտի տրվի համընդհանուր եւ անխուսափելի ծառայության պարտադրանքով։
Հակաբանակային քարոզչությունը, նախկին ԽՍՀՍ զինված ուժերում ծառայությունից՝ ժամանակին խրախուսվող փախուստի երեւույթը աննկատելիորեն արմատավորվեցին մարդկանց գիտակցության մեջ, եւ բանակային ծառայության անհրաժեշտությանը չքացավ։ Փլուզված կառույցները չփոխարինվեցին ազգային բանակի կուռ կառուցվածքով, պարտադիր զորակոչով, ստացվեց այնպես, որ կարելի է նաեւ չծառայել։ Շատ ծնողներ, որ մի քանի տարի առաջ հսկայական գամարներ էին վատնում Խաբարովսկում ծառայող իրենց որդուն եթե ոչ Գյումրի, գոնե Ուկրաինա տեղափոխելու համար, այսօր Երևանից մի կիլոմետր հեռու չեն թողնում։
Հասկանալի է՝ պատերազմ է, սահմաններում անհանզիստ է, բայց ո՞վ է համալրելու մեր բանակի շարքերը, եթե բոլորս խխունջի պես քաշվենք մեր պատյանի մեջ, իհարկե, մինչեւ տվյալ դեպքում անխուսափելի այն պահը, երբ թշնամին փշրի այդ պատյանը։ Եվ արդեն ուշ կլինի. կկորչի ոչ միայն որդիդ, այլեւ դուստրդ։
Հայրենիքն այսօր կռվող ձեռքի է կարոտ, բանակը սնող երակը զորակոչն է։ Եվ պետությունը պարտավոր է օրենքով կարգավորել զորակոչը։ Օրինախախտները բոլոր բնազավառներում պիտի պատժվեն, իսկ ամենամեծ օրենքը Հայրենիքի կռիվն է, ու պատիժն էլ պիտի լինի ամենամեծը…