«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)
Հայաստանի Հանրապետության իշխանությունների անզորությունից օգտվելով՝ Ադրբեջանը կրկին ձեռնարկեց լայնածավալ ռազմական գործողություններ եւ ոտնահարելով միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ փաստեց իր քաղաքականության ծավալապաշտական բնույթը։ Հերթական անգամ հաստատվեց Հայաստանի ներկա իշխանությունների կողմից հանգերգված «պատերազմ եւ խաղաղություն» տեսության սնանկությունը։
Բացահայտ պատերազմի մեջ գտնվելով՝ հայրենի իշխանությունները ոչ մի դրական քայլ չեն կատարում հայրենիքի պաշտպանությունը մասնագիտական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Ընդհակառակը, վարելով ջայլամի քաղաքականություն, հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական անտարբեր մթնոլորտը նկատում են իրենց ամենամեծ նվաճումը։
Ակնհայտ իրողություն է այլեւս, որ Հայաստանի ղեկավարումը ստանձնած իշխանությունը վարում է ազգն ամբողջովին պառակտող քաղաքականություն: Հանդուրժելով ընկերային ու տնտեսական անասելի դժվարությունները՝ մեր ժողովուրդը ակընկալում էր գոնե պաշտպանության գործը բավարար հիմքերի վրա տեսնեք նվիրաբերելով այդ նպատակին իր առավելագույնը։ Սակայն Հայաստանի իշխանությունները, շահագործելով ժողովրդի գիտակից համբերությունը, իրենց ողջ կարողությունը նպատակամղել են իրենց իշխանության ամրացման եւ դրական ընդդիմության ճնշման գործին։ Արդյունքը հայտնի է՝ Արծվաշենի կորուստը մեկ օղակն է շարունակվող այդ քաղաքական շղթայի, որ երկարում է Կամո Ազատից՝ Գետաշեն, Շահումյան ու Մարտակերտ։
Հող կորցնող իշխանությունը հերթական անգամ արտաքին արդարացումներ է փնտրում, մինչդեռ հայրենի տարածքների կորուստը իրենց վարած ներքին, արտաքին եւ տնտեսական սխալ քաղաքականության արդյունք է, ժողովուրդը ազգային նպատակների շուրջ միավորելու անկարողության արդյունք։
Հայ Տեղափոխական Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն, խորապես մտահոգված ազգի ու Հայրենիքի ապագայով, կրկին անգամ հաստատում է, որ քաղաքական ներկա կուրսի շարունակման պարագային Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններ կարող են ենթարկվել Արծվաշենի ճակատագրին։
Մեր պատմության այս վճռորոշ պահին Հայաստանի Հանրապետության ղեկավարման գործը պետք է վստահել այնպիսի իշխանությունների, որոնք ոչ միայն եղածը կպահպանեն, այլեւ վերաղարձնելով կորուստը՝ տեր կկանգնեն հայ ժողովրդի արդար իրավունքներին։
Գիտակցելով իրենց անկարողությունը եւ իրենց վարած քաղաքական կուրսի սնանկությունը՝ ներկա իշխանությունները պետք է հրապարակը թողնեն նրանց, ովքեր կկարողանան ժողովրդի գործուն ուժերը համախմբել ազգային անհետաձգելի խնդիրների շուրջ, կապահովեն հայրենիքի ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը եւ պետականության հիմքերի ամրացումը։
11 օգոստոսի 1992թ.