November 27, 2024

Նա բանաստեղծ զինվոր էր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ.

Օգոստոսի 30-ի մայրամուտը ծանր իջավ Սիսիանի վրա։ Շշուկները տարածվեցին, շշուկները աղմկեցին ու հառաչի պես ընկան քաղաքի ականջը՝ Աղվանն է, Աղվան Մինասյանը։

Հիմա ինձ համար դժվար է նրա մասին գրելը, որովհետեւ դժվար է հավատալ, որ նա այլեւս չկա, որ նա իր բարի, պարզ ու վարակիչ մանկական ժպիտով այլեւս չի բարեւելու իմ ու իր ծննդավայր Լծենի, իմ ու իր Սիսիան քաղաքի փողոցներում հանդիպելիս։ Նրա մասին ինչ էլ գրեմ ու մտածեմ, նրան ինչպես էլ հիշեմ, շատ է ռոմանտիկ լինելու։ Զենքը ձեռքին անգամ խենթ ռոմանտիկ էր ու զենքն ասես գրիչ լիներ եւ իրավունքի ոգեղեն տողերս էր գրում հայրենիքի ամեն թիզ հողը պաշտպանելիս։

Ըմբոստ կրակներ կային հոգում, այրվում էր ինքնահաստատման տենչից՝ կռվի դաշտում լիներ, թե բանաստեղծական տող գրելիս։ Կյանքը չընթերցված բանաստեղծություն էր նրա համար, կռիվն էլ, արկի ու ականի պայթյունն էլ։ Մահին չէր հավատում, ավելի ճիշտ՝ թշնամու գնդակից զոհվելուն չէր հավատում, հայրենի հողը սեփականած ասկյարից խփվելուն չէր հավատում։

Այնքան կյանք կար նրա մեջ։ Կիսատ ապրեց, կիսատ սիրեց, կիսատ տողեր գրեց ծոցատետրում, կիսատ թողեց ամբողջական հայրենիքի իր պատկերացումը։

Ամբողջական էր միայն բոլորանվեր սերը հայրենիքի հանդեպ. «Մորս հայացքն իմ դեմ՝ ես գնում եմ հեռու, Հայրենիքի պարտքը արյամբ տալու», գրել էր նա կռիվ գնալուց առաջ։

Հայրենի հողը արյան կարոտ ուներ, ու թանկ էր արյունը, ու նրա թանկ արյունով հողն ավելի թանկացավ։

Ինչքան սիրուն ու հոգեթով տողեր չհասցրեց գրել, որովհետեւ կյանքը մատաղել էր հայրենիքի զոհասեղանին։

Տխուր են գույները այս գարնան,

Եվ սիրտս ինչ-որ բան է գուժում…

Իսկ նրա 23 գարունը վերջերս լրացավ։

Չէ, նա բանաստեղծ զինվոր էր, ու զենքը նրա մարտական օրերի գրիչն էր՝ հայրենիքի սահմանները ճշտող գրիչը։ Տվեց կյանքը հայրենիքին ու պատվիրեց՝

Մի սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,

Եթե գալու չեղա, էլ չեմ գալու…

Նա՝ անավարտ բանաստեղծության գրված մի տող։ Նրան այսպես գիտեին բոլորը։ Նա՝ բոլորին սիրող ու բոլորից սիրված զինվոր տղան։ Իսկ մենք մեր քաղաքի փողոցներում, զինվոր ընկերները՝ կռվի դաշտում կշարունակենք փնտրել նրա հարազատ ու ժպտուն դեմքը՝ բանաստեղծության ու պատերազմի նրա խորին խորհուրդը հասկանալու համար.

Ա. ԱՄԻՐՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives