«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ.
Այսօր Հայաստանի անկախության տոնն է, անկախ պետականության վերականգնման տոնը։ Իրողություն, որ պետականությունը կորցրած մեր ժողովրդին ոչ հեռու անցյալում թվում էր անիրականանալի երազանք։ Երկու տարի առաջ, 1991թ. սեպտեմբերի 21-ին, հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդը անկախությանն իր միահամուռ ՝«այո»–ն ասաց՝ վերջնականապես եւ անվերադարձ ընտրելով պատմական զարգացման միակ ճշմարիտ հունը։
Յուրաքանչյուր ժողովրդի համար անկախ գոյության իրավունքը մեծագույն ձեռքբերում է, որին հասնելու ճանապարհը հաճախ անցնում է տասնամյակների, երբեմն նաեւ դարերի միջով ու միշտ չէ, որ զարդարված է լինում միայն ծաղիկներով։ Մենք գոնե սա լավ գիտենք, քանզի մեր ողջ պատմությունը հնուց ի վեր գոյացել է ազատության համար պայքարի դրվագներից, եւ համազգային տառապանքը՝ ցավալիորեն մեզ միշտ ուղեկից, գիտակցաբար հաղթահարվել է հենց վերջնական նպատակի իրականացման երբեք չմեռնող հույսով։ Հնուց ի վեր, մինչև կոմունիստական բռնապետության երախ, մինչեւ դրա ատամնաթափում, ինչը պատմական իրադարձությունների բարեհաջող հերթագայությամբ ստեղծեց այն հիմք, որը թույլ տվեց համաժողովրդական ընտրությամբ վերստանալ մեր կորցրած, բայց չմոռացած անկախությունը։
Եվ այսօր անկախ Հայաստանը իրողության է. միջազգային բոլոր ընդունված հատկանիշներն ունեցող եւ աշխարհի կողմից ճանաչված պետություն։ Սա է այս տոնի առանցքը, որի մեծ խորհուրդը, անկախ ամեն կարգի դժվարությունից, պիտի կարողանանք պահել ամուր եւ անաղարտ: Այդպիսով ենք նվազագույնի հասցնելու դժվարությունները, այդպիսով ենք անկախության կիսաճանապարհի կայանը վերածելու իրական անկախության վերջնական հանգրվանի։ Մնացյալն ու մնացյալներն անցողիկ են։ Վերջիններս են այսօր բոլորիս զրկում մեր թեկուզ կիսակատար երազանքը լիաթոք ըմբոշխնելու հնարավորությունից, այն աստիճանի, որ, թվում է, տոն ու տոնակատարություն ասված բաները ներկայիս պայմաններում հնչում են որպես ծաղր։
Լիովին շրջապատված, արտաքին աշխարհից կտրված հանրապետությունը իր ավերակված տնտեսությամբ, օրավուր խորացող սոցիալական ճգնաժամով, մթամած քաղաքներում պարզունակ գոյատեւման հոգսերով դեգերող բնակիչներով, անկախության երեւույթը զրկում են շոշափելի ազդակներից, ավելորդ դարձնում դրա հետ կապված տոնակատարությունը եւ ընդամենը որպես օրհներգ, դրոշ ու զինանշան գոյություն ունեցող անկախությանը հակադրում ժողովրդի ծանր կենսաձեւն ու իրական թշվառությունը։ Տոնական շչակների ժամանակներն իրոք անցել են, եւ շատերի համար դժվար է անցումային շրջանին բնորոշ օբյեկտիվ դժվարությունների մղձավանջի մեջ չկորցնել ներքին լույսը, մանավանդ որ օբյեկտիվ համարվող պակասությունը անկարող իշխանավարության ծնած արհեստական բազում չարիքների պատճառով հաճախ դառնում է ամեն ինչի բացակայություն։
Դժվար է, քանզի զուտ իրավական անկախությունը չի կարող արժանապատիվ կենսաձեւ ապահովել, ինչ հնարավոր է միայն ինքնուրույն, առողջ տնտեսության առկայության դեպքում։ Վերջինիս բացակայությունն է Հայաստանի անկախությունը դարձնում առավելապես խորհրդանշական։ Իրականում հանրապետությունը ըստ ամենայնի եւ բազմաժանր կախում ունի Ռուսաստանից, ուր տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության եւ տնտեսական կամ քաղաքական ալեկոծության անմիջական ազդեցությամբ դրսեւորվում են եւ այստեղ։ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած դրամական բարեփոխությունը եւ դրան հաջորդած՝ Հայաստանի՝ ռուբլու գոտում կրկնակի գերությունը Հայաստանի տնտեսական կախվածության ամենացայտուն վկայությունն էր։
Չնայած դա անելանելիությունից պարտադրված ելք էր, սակայն ցույց է տալիս գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների իրական պատկերը։
Անառարկելի ճշմարտություն է, որ բացարձակ անկախություն գոյություն չունի, որ յուրաքանչյուր երկիր տնտեսական, մշակութային, քաղաքական եւ այլ թելերով կապված է այլ երկրների հետ եւ դրանով էլ խուսափում է ինքնամեկասացումից, բայց եւ փաստ է՝ միակողմանի կախում ունեցող Հայաստանը այդ հարաբերություններից ոչ մեկի հետ առայժմ առնչություն չունի։ Ինչեւէ, սրա վերլուծության մեջ չխորանանք, քանի որ վերոհիշյալի պատճառների վերհանումն այսօր գոնե թվում է անհարկի, այսօր, երբ ստիպված ենք իրար ուրախ ժպտալու փոխարեն մխիթարանքի խոսքեր ասել։ Ասել ու տարօրինակորեն կենսունակ մեր հավատով ընդունել որ գիշերից մինչեւ առավոտ անխուսափելի կիսամութ է լինում, եւ առարկաները նախապես տեսողությանն են տրվում ուրվագծերով։ Ընդունենք, որ սա էլ առավոտվան նախորդող ուրվագծերի ժամանակ է, ուրվագծեր կենսաձեւի, իշխանության, տնտեսության, ժողովրդավարության, անկախության։
Տնտեսությանը մեկ օրում չի ստեղծվում, առավել եւս մի երկրում, որ գտնվում է դեռեւս ազգային պետականությունների ձեւավորման փուլ ապրող երկրների հարեւանությամբ եւ որի տնտեսությունը ի սկզբանե միտումնավոր կազմակերպվել է գաղութատիրության օրենքներով։ Բայց իրավական անկախություն ստացած երկրի իշխանություններն արդեն ազգային պետության վերջնական կայացման օրենքներով եւ մտահոգությամբ պիտի ձեռնամուխ լինեն ինքնուրույն տնտեսական հիմքով փաստական անկախության ձեւավորմանը։ Վերջինիս բացակայությունը կարող է ոչ միայն մարդկանց զրկել իրական անկախության շոշափելի առավելությունները տեսնելու հնարավորությունից, այլեւ դրանով իսկ գունաթափել անկախության գաղափարն ընդհանրապես։ Իսկ այսօրեական, թեկուզ վաղն էլ շարունակվող դժվարությունների բեռան տակ դա անելու իրավունք չունենք, ինչպես չունենք հետագա սերունդներին անկախության կարոտ ժառանգելու իրավունք։ Մենք պիտի կրենք մեր բաժին ծանրությունը՝ առանց վտանգելու ապագան, պիտի կրենք եւ՛ կիսաքաղց գարնանը, եւ՛ տագնապալից ամռանը, եւ՛ մղձավանջային ձմռանը, ազգի՝ միշտ առաջ նայող սերուցքի հետ, այնքան, մինչեւ անկախության տոնն ու տոնականությանը այլեւս ընդմիշտ ձուլվեն իրար… Այլ ճանապարհ պարզապես չկա, ինչպես չունի հաղթանակի դատապարտված Արցախը, որի համար վաղուց արդեն տարվա բոլոր եղանակներին միակ սնունդը Հայրենիքի կռիվն է։
Ժողովրդի բախտը կռում է ինքը՝ ժողովուրդը, եւ եթե նա ընտրել է իր ուղին, ոչ մի արգելք նրա ընթացքը կասեցնել չի կարող, լինի դա կազմակերպված անկարողություն, թե պարտադրված ապաշնորհություն։ Ոչ այսօր, ոչ վաղը։
Ավիկ Մարության