«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)
Ռուս-թուրքական դիվանագիտության պատմությունից դուրս է բերվել մի բանաձեւ, ըստ որի թուրքը պատերազմում կարող է պարտվել, դիվանագիտության մեջ՝ ոչ։ Հիրավի այսպիսի եզրակացության կարելի է հանգել, երբ թերթում ես Օսմանյան կայսրության պատմության էջերը, ծանոթանում միջազգային դիվանագիտությանը նրա մասնակցության տարեգրությանը։
Վերցնենք թեկուզ 1877-78թթ. ռուս–թուրքական վերջին պատերազմը, որի ժամանակ Թուրքիան կրեց խայտառակ պարտություն, բայց ճարպիկ դիվանագիտական խաղերով օգտվեց հենց իր ախոյանի տարած հադթանակի պտուղներից եւ, ի վնաս հայ ազգի, զավթեց նոր տարածքներ։ Թուրքական դիվանագիտության հաջողություններն ընդօրինակեց նրա խորհրդային շրջանի ծնունդ-եղբայրակից պետությունը՝ Ադրբեջանը։ Վերջինս սերտեց թուրքական դիվանագիտաթյան առաջին դասը, երբ հանուն Թուրքիայում կոմունիստական գաղափարների տարածման՝ Ադրբեջանին, որպես շաբաշ-նվիրատվություն, բռնակցվեց Նախիջեւանն ու Ղարաբաղը։
Այս ամենը նորօրյա հնչերանգ է ստանում, երբ Ադրբեջանի նախկին կոմունիստական առաջնորդը, իր իսկ նախաձեռնությամբ հասնելով ժամանակավոր զինադադարի, դիմում է նախկին կայսերապետական իրավահաջորդի դռները բախելու հարկադիր քայլին։ Կրկնվում է 20-ական թվականների պատմությունը։ Աթաթուրքը մեկնել է Մոսկվա եւ ծեծում է Կրեմլի դռները։
Ադրբեջանը, ղարաբաղյան ռազմաճակատում պարտություն կրելով, ինչի հետեւանքով հանրապետության ներքաղաքական կյանքը պաթոլոգիական փոփոխությունների է ենթարկվում, փորձում է Ռուսաստանի օգնությամբ շտկել սխալները, վերականգնել կորուստները, հարթեցնել ԱՊՀ սողոսկելու՝ ժամանակի վրիպումների հետեւանքով բաց թողած հնարավորությունը։
Այդ գործընթացում Հ.Ալիեւը ստիպված է բախվել ընդդիմադիր ուժերին։ Կուսակցական եւ պետական հարուստ փորձ ունեցող տարեց լիդերը նախանձելի եռանդով փորձում է շահել Ելցինի համակրանքը։ Վերջինս, ելնելով Ռուսաստանի արտաքին տնտեսական ու քաղաքական շահերից, չի կարող անտարբեր մնալ Ալիեւի քաղաքական ռեւերանսների նկատմամբ։
Հեյդար Ալիեւի՝ իշխանության գագաթնակետին հայտնվելը կապված է ղարաբաղյան հակամարտության ռազմական թատերաբեմում Ադրբեջանի կրած ծանր պարտությունների հետ։ Բայց այդ հակամարտությունը կարող է Ալիեւին նույնպես արժանացնել Մութալիբովի եւ Էլչիբեյի ճակատագրին։ Մյուս կողմից՝ «ղարաբաղյան սաստկացումները» լավ հող են նախապատրաստել, որպեսզի նախկին ԽՍՀՄ մոլորյալ որդիներից մեկը՝ Ադրբեջանը, վերադառնա ի շրջանս յուր՝ ԱՊՀ։ Ահա այս «շփման կետերն» են», որ Ալիեւին ապահովեցին բավականին գուրգուրելի ընդունելություն ՌԴ իշխանությունների բարձրագույն հարկերում։
Նման պարագայում ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիվանագիտական հաջորդ քայը, երբ պաշտոնական Բաքուն փորձում է վերադառնալ ԱՊՀ, որի որդեգրած սկզբունքները մնում են տարածքային ամբողջականության անխախտելիությունն ու կոլեկտիվ անվտանգության ապահովումը։ Դաշնագրային հենց այս պայմաններից պետք է հստակեցվեն ԼՂՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության մոտեցումները։
Այսօր Ադրբեջանին անհրաժեշտ է ԱՊՀ–ն։ Այսօր օդի պես պետք է հրադադար, որպեսզի կարողանա կայունացնել հանրապետության ռազմաքաղաքական ու տնտեսական կյանքը։ Ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հետագա դիվանագիտական քայլերը, արդյո՞ք նորից «ապահարզան» կարվի նոր դաշնությանը, երբ գործերը Ադրբեջանի ներսում շտկելուց հետո կարելի է Ղարաբաղյան հիմնահարցի ուժային լուծմանը վերադառնալ։
Այս հարցերը խորհրդածելու տեղիք պետք է տան ԼՂՀ իշխանություններին, արտաքին գործերի նախարարությանը, որոնց հեռատեսությունից, դիվանագիտական հնարքներից է կախված ԼՂ Հանրապետության ճակատագիրը։
Ռուդոլֆ Մարտիրոսյան
ԼՂՀ լրատվոտյան եւ մամուլի դեպարտամենտ