«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Ոսկան Մամիկոնյան
Երբ անցյալ դարավերջին նորից իրական տեսք ստացավ հայկական պետականության վերակերտման գաղափարը, հայ տղամարդը զգաց զենքի արժեքը եւ այն ձեռքն առավ վերջապես։ Ֆիդայական հախուռն շարժումը կազմակերպված որակի պիտի վերաճեր ու վերաճեց։ 1918–20թթ. հանրապետությունը բազմաթիվ կոտորածներից, գաղթից, սովից, համաճարակներից հետո անգամ ստեղծեց կանոնավոր ազգային բանակ՝ ամենահզորն Անդրկովկասում։
Հետո ուրիշ հողմեր փչեցին։ Վերջ դրվեց մեր անկախությանը, ու բանակը քայքայվեց։ 12 հազարանոց սպայակույտը գլխատվեց։ Հայ սպան, հայ զինվորը, որ հավակնում էին հայի ազգային նկարագրում հատուկ կերպի, չկայացան։ Չհասցրին։ Հիմա կրկին դարավերջ է։ Եվ նորից պատմությունը բացառիկ հնարավորություն է տվել։ Այս անգամ էլ առաջինը մարտադաշտ նետվեց հախուռն զգացմունքը ու նորից ֆիդայություն կոչվեց։ Եվ նորից նրան փոխարինելու եկավ կանոնավոր բանակը։ 20-րդ դարը արագություն է, անդադար առաջընթաց, եւ մեկից մյուսին անցումը շատ ավելի արագ կատարվեց, քան նախորդ փուլում…
Տանկիստները
Տանկային զորամասում սովորական օր է։ Ոմանք զրահապատ մեքենաներն են կարգի բերում, ոմանք՝ իրենց։ Պատրաստվում են ակտիվ հանգստի։ Շաբաթ–կիրակիները զինվորների համար տոնական են. կարելի է զորամասից դուրս գալ, պտտվել մոտակա բնակավայրում, նույնիսկ տուն այցելել, եթե մոտ ես ապրում։ Բայց երեկոյան պետք է վերադառնաս, այդպես է կարգը։ Տանկիստների դեմքին յուրահատուկ արտահայտություն կա, մի տեսակ ինքնագոհության կնիք։ Փորձում եմ պարզել պատճառը: Շարքային Աշոտը բացատրում է, թե տանկն այնպիսի մի զենք է, որ անսահման վստահություն է ներշնչում մարդուն, և զինվորների դեմքի արտահայտությունը հենց այդ վստահության դրոշմն է: Հետաքրքիր բացատրություն է:
Զորանոցը մաքուր է, անկողինները խնամքով են հարդարված: Կարգուկանոնի իմաստով ամեն ինչ կարծես կարգին է: Ճաշարանն էլ վատը չէ, իսկ սննդի օրաբաժինը մեզ նույնիսկ կարող է հեքիաթային թվալ: Զինվորին օրական 850 գրամ հաց է հասնում:
Բայց «ամենատարօրինակն» այն է որ նա այդքանը ստանում է։ Մնացած մթերքները՝ նույնպես։ Այստեղ գործում են խորհրդային բանակում ընդունված նորմերը։ Ինչ-ինչ, բայց բանակը մարտունակ պահելու խնդրում խորհրդային կարգերը գիտակ էին։ Եվ ընդհանրապես, խորհրդային բանակային համակարգում ուսանելի շատ բան կար։ Սպաներից մեկի հետ զրուցում ենք դրա շուրջ։ Ասում է՝ լավ է, որ, ի տարբերություն քաղաքացիական կյանքի, ուր գրեթե ամեն ինչ ջարդուփշուր արվեց նորը ստեղծելու ակնկալիքով, բանակը ձգտեց հենվել անցյալ դրականի վրա։ Խորհուրդ է տալիս հետեւել բանակի եւ քաղաքացիական որեւէ բնագավառի զարգացման ընթացքին ու համեմատել, համոզված է՝ բանակի զարգացման ընթացքը անհամեմատ արագ է։
Ուսուցման խնդիրը շատ լուրջ է դրված։ Մեր զինվորը ծառայում է մեկուկես տարի եւ պետք է հասցնի յուրացնել ռազմական արվեստի բազում նրբություններ։ Այնպես յուրացնի, որ այլեւս երբեք չմոռանա ու ծառայությունից շատ տարիներ հետո անգամ ինքն իրեն մի քիչ զինվոր զգա։ Մեր ճակատագրի պարտադրանքն է։
Մի դժվարություն կա ուսման մեջ. զինվորներից ոչ բոլորն են գոհ իրենց մասնագիտությունից։ Գրեթե բոլորը ձգտում են մեքենայի անձնակազմի անդամ դառնալ, այսպես կոչված «ցամաքային ծառայությունը» սրտներովը չէ։ Հատկապես ակտիվ են նորակոչիկները։ Հասկանալի դժվարություն է, եթե հաշվի առնենք, որ 18-19 տարեկան տղաներ են, ռոմանտիկ, ավյունով լի…
Այլ կարգի դժվարություններն ավելի դժվար է հաղթահարել։ Միայն կառուցվածքը չէ, տեխնիկան էլ է խորհրդային բանակից մնացել։ Պահեստամասերի, սպասարկման, ռազմամթերքի, վառելիքի խնդիրներ կան։ Ծանր խնդիրներ են, դժվար լուծվող։
Ներքին ծառայության զորքեր
Այս զորատեսակն իր ուղիղ իմաստով այնքան էլ բանակ չէ։ Այն ենթարկվում է ՆԳ նախարարությանը եւ իրականացնում է զուտ իրեն հատուկ գործողություններ, բանտերի, ջրամբարների, հատուկ նշանակության այլ օբյեկտների հսկողություն:
Խորհրդային համակարգում նրանց ճանաչում էինք կարմիր ուսադիրների վրայի «BB» մակագրությունից։ Հայկական ներքին զորքերը, սակայն, յուրահատուկ են։ Բացի իրենց ուղղակի պարտականություններից, ունեն նաեւ այլ խնդիրներ։ Կանոնավոր մասնակցում են սահմանների պաշտպանությանը, ցավոք, «կանոնավոր» զոհեր տալիս։ Ու թեեւ ներքին զորքն այնքան էլ բանակ չէ, այն պետության ռազմական հզորության կարեւոր բաղադրիչ է եւ հարկ եղած դեպքում գործում է որպես բանակ։ Համալրման կարգը նույնն է, ինչ բանակում, ընդունված կարգով զորակոչված 18-ամյա երիտասարդները ծառայելու են ուղարկվում ներքին զորքերի ստորաբաժանումներ։
…Կանաչ մարգագետնի գորգին մինչեւ գոտկատեղը հանված պատանիներ մարտարվեստի պարապմունք են անցկացնում։ Ներքին զորքերի զինվորներ են` մկանուտ, բարձրահասակ: Հրամանատարը սիրալիր է, և զինվորները հավաքվում են լրագրող շուրջը: Զգացվում է, որ մամուլի ուշադրությունը առաջին անգամ են գրավել, շոյված են։ Իրարից առաջ ընկնելով պատմում են առօրյայի, խնդիրների, սպասելիքների, հազարումի բանի մասին։ Պարզվում է՝ ի տարբերություն տանկիստների, այստեղից փախչողները շատ են։ Հիմնական պատճառաբանությունը պայմանների ծանրությունն է։ Մեկին ութերորդ անգամ են բռնել ու վերադարձրել, խոստացել է, որ էլի կփախչի։
Պատմում են չքողարկված ծաղրով։ Դժվարությունները ներկայացնում են առանց քաշվելու։ Հիմնականը «նարյադ» գնալն է, որի հաճախականությունից հոգնել են։ Գիշերը չեն քնում, իսկ առավոտյան բոլորի հետ վազում են պարապմունքի։ Պարապում են բացօթյա, օգոստոսյան արեւի ներքո։ Երեկոյան՝ նորից «նարյադ»։ Բայց փախչողներին ծաղրում են։
Խորհրդային բանակի ամենազզվելի արատներից մեկը՝ «դեդովշչինան», այստեղ իսպառ բացակայում է։ Արեւախանձ դեմքով, արդեն ծառայությունն ավարտող մի զինվոր բացատրում է. «Ես ու նորակոչիկը նույն հերթափոխին ենք սահման գնում։ Եթե ես նրան ժամանակին չսովորեցնեմ կամ ճնշեմ՝ նա իմ կողքին ի՞նչ սրտով կկռվի։ Եթե ես հանկարծ վիրավորվեմ, էս անփորձ ու նեղացած ջահելը ինձ ի՞նչ պաշտպան»։
Պարզ ու հասկանալի։ Լավ է։
Սահման
«…Կրկին հակառակորդը ուժգին հրետակոծության ենթարկեց մեր սահմանապահ դիրքերը», «Սահմաններում հարաբերական անդորր է» եւ այլ արտահայտություններ դարձել են մեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Վարժվել ենք թե հարաբերական անդորրին, թե հրթիռահրետակոծությանը, թե… Վարժվել ենք։
Մեր արեւելյան սահմանները ինչ-որ մեկի կամոք գծվել են լեռների կատարներով։ Լեռան մի կողմը մերն է, մյուս կողմը մերը չէ։ Հիմա մենք պաշտպանում ենք լեռների մեր կողմը։
Սահմանապահ ուղեկալը ծովի մակերետւյթից 3000 մ բարձրության վրա է։ Օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին այստեղ արդեն ձմեռային ջերմաստիճաններ են, գիշերը ջուրը սառչում է։ Դիրքերը լավն են, խրամատներ են փորված, պաշտպանական ամրություններ, գետնափոր տնակներ։ Ներքեւից գրոհող հակառակորդը հաջողության հույսեր քիչ ունի, կարելի է ասել՝ գրեթե չունի։ Միակ հույսը հեռահար հրետանին է, բայց քողարկումը այնքան լավ է կազմակերպված, որ հրետանին էլ չի օգնում։ Նույնիսկ մարտական ինքնաթիռները մի քանի թռիչք անելուց հետո «համոզվել» են, որ տեղանքը մաքուր է։ Բայց ամեն նման քաջալերիչ տեղեկությունից ակտիվացած թշնամին, հուժկու հարված ստանալով, կաղկանձելով քաշվել է իր հեռահար հրետանու թիկունքը։
Այստեղ ամենասարսափելին ցուրտն է, մինչեւ ոսկորները հասնող ցուրտը։ Նույնիսկ վառ արեւը, որ օրվա ընթացքում մի կես ժամ անընդմեջ երեւում է (դա հաջող օր է համարվում), չի ջերմացնում։ Եղանակը փոխվում է «ինչպես կինոյում», արեւ, անսպասելի ու թանձր մառախուղ, անընդմեջ ու տարբեր ուղղություններով փչող քամի։ Տղաները շատ են հիվանդանում։ Ուժեղ մրսածությունը այստեղ սովորական երեւույթ է։ Բայց դրանից չէ, որ դժգոհում են։ Պարզվում է՝ ծխախոտը չի բավականացնում, խռպոտ ձայնով հրամանատարը պատմում է, թե ինչ դժվարություններով է դեղորայք ճարում, դժգոհում է, որ մոտակայքում մի կարգին զինվորական հոսպիտալ չկա, ամեն հիվանդի (իսկ իրեն հիվանդ է համարում նա, ում ջերմությունը 39-ից անցել է) պիտի Երեւան ուղարկի բուժվելու։ Հոգսեր են, որ ուրիշ տեղ պիտի լուծվեն, ուրիշի գլուխ ցավեցնեն, բայց իր ուսերին են ծանրացած։ Եվ անմիջապես վրա է բերում, որ դժվարությունը մարդու համար է, մանավանդ՝ զինվորի։
Սննդից ու հագուստից դժգոհություն չունեն, նույնն է, ինչ մնացած զորքերում։ Շատ են ճնշվում լրատվության պակասից։ Զորանոցում հեռուստացույց չկա, լուրեր չեն կարողանում ստանալ, ուղեկալում՝ առավել եւս։ Միակ ռադիոն զինվորական կապն է, այն էլ վերեւում հաճախ «ցրտահարվում» է ու լռում։
Հերթափոխն ու սնունդը վերեւ հասցրած «Ուրալը» պատրաստ է վայրէջքի։ Թարմացածները մնում են, խռպոտածները՝ իջնում զորանոց։ Մինչեւ այստեղ մոտ 10կմ է՝ առանց ճանապարհների, վտանգավոր զառիվայրերով։ Մեկ-մեկ մեքենան սահում է երբեք չչորացող խոտերի վրա, բայց ընդհանուր առմամբ լավ է իջնում։ Վարորդը վարպետացել է այս՝ իր բացած ճանապարհի վրա։ Վաղը նույն ժամին նորից լեռն ի վեր է մագլցելու։ Նրան անհամբեր սպասելու են։
Ներքեւից պարզ երեւում է, թե ինչպես մառախուղի հերթական ալիքը ծածկեց լեռան կատարը։ Տղերքը մրսելու են։
Հայոց բանակն աստիճանաբար ձեւավորվում է, տեսք է ստանում։ Հնարավոր չէ բոլորին այցելել, հնարավոր չէ բոլորի մասին գրել։ Անուններ ու հասցեներ չեմ տալիս, որովհետեւ մյուսները, որոնց չեմ այցելել, պակաս արժանավոր զինվորներ չեն։ Պարզապես փորձեցի շրջել ու տեսնել հայ զինվորի ընդհանրական դեմքը, նրա ընդհանրական ոգին։ Գուցե շատ էլ մոտից չտեսա, բայց ամեն դեպքում հիմա ավելի վստահ եմ՝ մենք, իրոք, բանակ ունենք եւ այն օր օրի առնականանում է։