«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499)
«Հայլուրի» մոսկովյան թղթակից Լուսիկ Ղուկասյանի հարցերին պատասխանում է Թուրքիայի արտգործնախարար ՀԻՔՄԵԹ ՉԵԹԻՆԸ
– Պարոն նախարար, Ադրբեջանի համապատասխան դիմումի առկայության դեպքում հնարավո՞ր է Ձեր երկրի ուղղակի միջամտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։
– Հարցն այն չէ, թե ով կմիջամտի։ Ադրբեջանը մեզ մոտ, եղբայրական երկիր է, Հայաստանն էլ մեր հարեւանն է։ Մենք ջանք ենք թափում, որպեսզի երկու երկրների միջեւ հնարավորին չափ արագ խաղաղություն հաստատվի։ Մեզ համար անընդունելի է ուժով տարածքների գրավումը։ Խոստովանենք, որ այդ ընթացքում ամենաշատը տուժում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները։
Պետք է ասեմ, որ լի ենք վճռականությամբ զարգացնելու մեր հարաբերությունները այդ երկու երկրների հետ ամենաբարձր մակարդակով։ Անհրաժեշտ է, որ հայերը լավ հասկանան Թուրքիայի քաղաքականությունը։ Մենք ճիգեր ենք թափում՝ շարունակելու երկխոսությունը Հայաստանի հետ, չնայած հասարակական կարծիքի ճնշմանը, որպեսզի խաղաղության հասնենք։ Այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԽ- օրակարգում է: Մեզանից միայն պահանջվում է մեր ներդրումն ունենալ խաղաղության և կայունության հաստատման գործում:
Պարզվում է, սակայն, որ այնտեղի ուժերն իրենց համար այլ ուղի են ընտրել։ Անհրաժեշտ է, որ նրանք հրաժարվեն այդ ուղուց։ Հույս ունենք, որ Տեր-Պետրոսյանի բարի մտադրությունները կնպատակաուղղվեն պատերազմի դադարեցմանը։
– Ըստ Ձեզ, ինչո՞վ են տարբերվում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարման հարցում։
– Եթե խոսելու լինենք հիմնական սկզբունքների մասին, ապա այստեղ տարբերություն չկա։ Մենք մեկ անգամ եւս հաստատեցինք մեր տեսակետների նույնությունը հետեւյալ հարցերում.
– հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
– Ղարաբաղը Աղրբեջանի տարածքի մի մասն է կազմում
– հրադադարից հետո Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք բանակցություններում։
Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը դուրս գա գրաված տարածքներից։ Խնդիրը դուրս է եկել Ղարաբաղի սահմաններից, քանզի արդեն զբաղեցված են Ադրբեջանի տարածքները: Այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու բանաձև է ընդունել: Հենց մոտալուտ է թվում խաղաղությունը, սկսվում է տարածքների գրավումը: Եթե այդ հարձակումները շարունակվեն, դրանց հակահարված կտրվի:
– Ի՞նչ եք հասկանում հակահարված ասելով։ Ի՞նչ քայլեր են հնարավոր։
– Լուծումը բոլորս միասին պետք է գտնենք, պետք է գտնեն նրանք, ովքեր միանման են մտածում՝ Տեր-Պետրոսյանը, Փափազյանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, քանի որ մենք միասնական սկզբունքներ ու արժեքներ ենք պաշտպանում։ Մենք պետք է ինչ-որ ուղի գտնենք։ Եվ դա չպետք է լինի պատերազմի, հակամարտության ուղին։ Հարցին պետք է խաղաղ լուծում տալ, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել։
– Այդուհանդերձ, հակահարված ասելով Դուք ի նկատի ունենք խաղաղության գործընթա՞ցը, թե …
– Իհարկե, միայն խաղաղ գործընթացը։ Բայց կռվող հայերը պետք է հասկանան, որ ողջ աշխարհը սպասում է պատերազմի ավարտին։ Ինչ որ մեկը պետք է ազդի նրանց վրա, ճնշում գործադրի, որպեսզի նրանք դադարեն պատերազմել։
– Ընդունենք, որ հրադադար է հաստատվել եւ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հնարավո՞ր եք համարում, որ Ղարաբաղը ճանաչվի անկախ պետություն։
– Ամեն ինչ այքան մշուշոտ է։ Նախ պետք է հասնել կրակի դադարեցմանն ու զորքերի դուրսբերմանը Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Ամեն ինչ պետք է ընթանա ԵԱՀԽ սկզբունքներին համապատասխան և նրա շրջանակներում, ԵԱՀԽ-ի անմիջական մասնակցությամբ: Ղարաբաղյան հարցի քաղաքական լուծումը պետք է տրվի բանակցությունների սեղանի շուրջ: Ես չեմ պատրաստվում ինձ վրա վերցնել այս խնդրի լուծումը: Կարևոր է, որ մենք փոխհամաձայնության գանք, չփորձենք որևէ բանի հասնել ուժով. առաջնայինը սա է: Ղարաբաղի ապագան պետք է որոշեն հայերն ու ադրբեջանցիները միայն բանակցությունների ճանապարհով:
– Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները և ոչ մեկին ԵԱՀԽ-ն ի զորու չի եղել լուծում տալու: Գուցե նրա սկզբունքնե՞րն են հնացել ու ավելի շատ խանգարում են, քան օգնում:
– Պատերազմող ոչ բոլոր երկրներն են ԵԱՀԽ անդամ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այդ կազմակերպության և ՄԱԿ-ի անդամ են: Այս հակամարտությունից ոչ ոք չի շահում: Ժողովուրդը և Հայաստանում և Ադրբեջանում դաժան տառապանքի են մատնված: Այս երկրները նոր են անկախություն ստացել, նրանց հարկավոր է զարգացնել: Բոլորը պետք է իմանան, որ մենք ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ և տնտեսական և առևտրական գետնի վրա: Ավելին, ես ձեզ կասեմ, որ անձամբ ես կողմնակից էի, որ Ղազախստանից ու Թուրքմենստանից եկող նավթամուղն անցներ Ադրբեջանով և Հայաստանով: Բայց մենք դա չենք կարող անել, մինչև չլուծվի այս խնդիրը: Հայերն, ի վերջո, պետք է հասկանան դա: