«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499)
Օգոստոսի 12-13-ին Թբիլիսիում աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) ազգային կոմիտեների և Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում առկա ռազմական հակամարտությունները կարգավորելու գործում ՀՔԱ ազգային կոմիտեների համագործակցության և ջանքերի միասնականացման հարցերը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ հակամարտության գոտիներում հաստատված ժամանակավոր հրադադարն անհրաժեշտ է զորացնել և ընդլայնել ինչպես քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման մասնակիցները հատուկ նշանակություն տվեցին 1993 թվականի օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին Բաքու-Ստեփանակերտ-Երեւան-Իջեւան-Ղազախ երթուղով խաղաղության միջազգային քարավանի կազմակերպմանը, ինչը զուգակցվելու է կոնֆերանսների անցկացմամբ եւ Իջեւան-Ղազախ «Խաղաղության կղզու» բացմամբ։ Հարկ է նշել, որ քարավանի եւ «Խաղաղության կղզու» գաղափարը շատ լավ է ընկալվում Վրաստանում։ Այստեղ առաջարկվեց մոտ ժամանակներս նման ձեռնարկումներ անցկացնել նաեւ վրաց-աբխազական հակամարտության գոտում։
Հանդիպման քննարկման առարկա դարձած մյուս կարեւոր հարցը պատանդների եւ ռազմագերիների խնդիրն էր։ Այս հարցում արդեն բավականաչափ դրական փորձ է ձեռք բերված եւ հարկ է այս ուղղությամբ միասնականացնել ջանքերը։