November 28, 2024

Աշխարհը փոխվում է, սահմաններն էլ կփոխվեն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Հարցազրույց ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Գեորգի Պետրոսյանի հետ

Երեխան մեծացել և փորձում է իր ձայնը

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման հնգամյա ճանապարհը ամենատարբեր որակումներ է ստացել՝ ազգային ազատագրական շարժում, ինքնորոշման իրավունքի դրսեւորամ, հայ-ադրբեջանական պատերազմ… Ըստ Ձեզ, ո՞րն է ամենաճշգրիտ որակումը։

– Չեմ կարծում, թե այդ որակումները կարելի է իրարից կտրուկ տարանջատել։ Դրանք բոլորն էլ ինչ–որ չափով համապատասխանում են իրականությանը։ Բոլոր որակումներն էլ, որ թվարկեցիք, ճշմարտություն են պարունակում։ Մեր ազատագրական շարժումն անցել է տարբեր փուլեր։ Դրանցից յուրաքանչյուրին հատուկ է եղել որոշակի գաղափարախոսություն, աշխատանքի ձեւեր եւ մեթոդներ։ Այս հանգրվանում մենք հանգել ենք անկախ պետականության կայացման գաղափարին, ինչը, կարծում եմ, հաջողությամբ իրականացնում ենք։

– Անդրադառնալով վերջին շրջանին ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային կազմակերպությունների եւ նրանց ներկայացուցչական մարմինների կողմից առավել ակտիվության է դրսեւորվում հակամարտությանը միջամտելու հարցում։ Միաժամանակ համաշխարհային մամուլը միանշանակ արձանագրում է, որ ղարաբաղյան իշխանությունները կարծրացնում են իրենց վերաբերմունքն այդ կազմակերպությունների նկատմամբ, մասնավորապես ի նկատի է առնվում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարի՝ վերջերս ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահին ուղարկած նամակը։

– Երեխան որ ծնվում է, սկսում է կամաց-կամաց հարմարվել շրջապատին եւ դրսեւորել իրեն։ Եթե համեմատություն անցկացնենք երեխայի հետ, ապա երեխան ծնվել է, մեծացել եւ արդեն փորձում է իր ձայնը։ Թերեւս հետո այդ ձայնն է արձանագրել միջազգային մամուլը։

– Ուզում եք ասել, որ որդեգրած դիրքորոշումը ոչ թե ժամանակի թելադրած մարտավարական քայլ է, այլ նույն պետության կայացման խորհրդանիշներից մեկը։

– Ավելի շուտ եւ մեկը, եւ մյուսը: Նախ եթե աշխարհը փաստարկում է նման հայտարարություն, ուրեմն ուզում է տեսնել դրանք, եւ հետո, իրոք, պետականությունը կառուցվում է:

– Ուզեք թե չուզեք՝ այդ ճանապարհին անխուսափելի են բախումները ամենատարբեր միջազգային ատյանների հետ, ուր առայժմ հարցը փակուղի է մտնում սահմանների անձեռնմխելիության տխրահռչակ սկզբունքի առկայությամբ։ Դուք ընդհանրապես կենսունա՞կ եք համարում այդ սկզբունքը։

– Մենք գտնում ենք, որ երկու հիմնական սկզբունքների միջեւ հակասություն չկա։ Այդ առումով մեր ունեցած տեսակետներն առիթ ենք ունեցել ներկայացնել այստեղ այցելած բոլոր պաշտոնյաներին։ Կարծում ենք, որ ուշ թե շուտ այդ տեսակետները կընդունվեն։ Պետք է հասկանալ, որ չի կարելի մի սկզունքն ուռճացնել, մյուսը` մոռացության մատնել: Մեր ազգային ազատագրական շարժման շրջանակներում այդ երկու սկզբունքները կիրառելի են միայն համալիր ձետվ։ Համաշխարհային հանրությունը դա պետք է հասկանա եւ կհասկանա։

– Վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ. Ստուպիշինն իր հարցազրույցներից մեկում շինծու համարեց այդ հակադրությունը՝ նշելով, որ սահմանների անձեռնմխելիության թեզը կիրառելի է երկու պետությունների հարաբերությունների պարագայում, իսկ մեկ պետության ներսում ծավալվող իրադարձությունների նկատմամբ այլ մոտեցում է պետք մշակել։

– Ես լրիվ համաձայն եմ այդ տեսակետին, եւ պետք է ասեմ, որ թե այդ, թե այլ տեսակետներ շատ լրջորեն քննարկվել են մեր կողմից։ Կարծում եմ, որ այն պետություններն ու կազմակերպությունները, որոնք այստեղ են գալիս միջնորդի դերով, նույնպես փորձ են ձեռք բերում իրենց հետագա գործունեության համար։ Պետք է նշել, իհարկե, որ ամեն մի պետություն ու կազմակերպություն ունի իր նպատակները, եւ մենք այդ նպատակները հաշվի ենք առնում։ Ձեռնարկվող քայլերն էլ համադրված են դրանց այնքանով, որքանով հնարավոր է նման համադրումը։

Հայաստանն ինքը պետք է ընտրի Ղարաբաղի ճանաչման ժամանակը

– Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում որոշակի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշումը։ ՀՀ-ն առայժմ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Ես հիշում եմ, որ իր՝ որպես արտգործնախարարի, վերջին ելույթներից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա միայն «թայմինգի» հարց է, այսինքն պետք է ընտրել ճանաչման ճիշտ պահը։ Այնուհետեւ նա մի քանի անգամ նշեց, որ այդ ժամանակը եկել է, սակայն Հայաստանի իշխանությունների մոտ նոր կարծիքներ են առաջացել, որոնք ընդհանրապես հարցականի տակ են դնում Ղարաբաղն առաջինը ճանաչելու ճշմարտացիությունը։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի առնչությամբ։

– 1991 թվականի դեկտեմբերի 10-ից հետո ձեռնարկած մեր բոլոր քայլերը հիմնված են Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների վրա։ Դրանք հաշվի առնելով, մենք դիմեցինք աշխարհի բոլոր պետություններին՝ ճանաչելու ԼՂՀ-ն։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա կարծում եմ, որ դա Հայաստանի ղեկավարների, քաղաքական կուսակցությունների եւ վերջապես Հայաստանի ժողովրդի խնդիրն է։ Նրանք պետք է ընտրեն եւ ժամանակը, եւ պահը, եւ ձեւը։

– Հարցը, թերեւս, մասնավորենք։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես նախագահը, ուղղակի ճնշում են գործադրում ԼՂՀ իշխանությունների վրա։ Ի մասնավորի նշվում են ԵԱՀԽ-ի առաջարկած ժամանակացույցի տակ Ղարաբաղի ստորագրությունը դնելու հարցը, դրան հետեւած մի շարք քայլեր, Լ.Տեր–Պետրոսյանի հապճեպ այցը Ստեփանակերտ, հանդիպումները Գորիսում եւ այլն։ Իսկ Արցախն իր հերթին ունի՞ հակառակ ազդեցության լծակներ։

– Ցանկացած երկու սուբյեկտ, մտնելով հարաբերությունների մեջ, անպայմանորեն փոխազդում են միմյանց վրա։ Այնպես որ, չի կարելի ասել, թե միայն Հայաստանն է միակողմանիորեն ազդում Ղարաբաղի վրա։ Երբ նշվում է, որ, Հայաստանը ճնշում է գործադրում Ղարաբաղի վրա, ապա կարելի է ասել եւ հակառակը։ Սակայն չեմ կարծում, թե այստեղ պետք է սահմանափակվենք փոխադարձաբար ճնշման մեխանիզմներ որոնելով։ Գոյություն ունեն փոխազդեցության տարբեր մեթոդներ։ Հարկ է գտնել երկու պետությունների նորմալ հարաբերությունների եւ գոյակցության ճանապարհը։ Եթե դա չգտնենք, ապա ավելի ահավոր բան դժվար է պատկերացնել։

– Ղարաբաղի հողում արդեն հինգ տարի պատերազմ է։ Այն, անշուշտ, իր ազդեցությունն է թողել ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Չե՞ք կարծում, որ այն միաժամանակ պարարտ հող է նախապատրաստել որոշ ուժերի համար՝ այսպես կոչված «մաֆիոզ կազմավորումներ» ստեղծելու նաեւ ձեր հանրապետությունում։

–Պատերազմը ցանկացած պետությունում ճեղքվածք է առաջացնում, որն իր հետ շատ բացասական դրսեւորումներ է ի հայտ բերում, այդ թվում նաեւ՝ Ձեր նշածը։ Պետության համար դա, իհարկե, մեծ խնդիր է, միաժամանակ նաեւ՝ փորձության։ Մի կողմից դա պատերազմի «բնական» հետեւանքն է, մյուս կոդմից՝ պետությունը պետք է ապացուցի իր ուժը՝ պայքարելով դրա դեմ։ Այստեղ կարեւոր է պայքարի ճիշտ ուղիներ որոնելը։

– Իսկ այդ խմբավորումները, որոնց գոյությունը Դուք, ըստ էության չեք բացառում, կարողանո՞ւմ են ազդել Ղարաբաղի ներքին իրավիճակի վրա։

– Այսօր չի կարելի ասել, թե այդ խմբերը գործում են որոշակի հստակ կառուցվածքում։ Դրանք էլ գտնվում են անընդհատ փոփոխության մեջ։ Եվ դա պայմանավորված է նաեւ մեր պայքարի ընդհանուր ընթացքով։ Հաջողությունների դեպքում այդ խմբավորումներն ակտիվանում են, իսկ զիջումների դեպքում, վախից թե այլ հանգամանքների թելադրանքով, սահմանափակում են իրենց գործունեությունը: Նորից ասեմ, որ դա լուրջ խնդիր է մեզ համար, որը մենք ամեն կերպ պետք է փորձենք լուծել։ Գիտեք, շատ հետաքրքիր մի երեւույթ է նկատվում, ղարաբաղցին հաղթահարել է վախի զգացումը, ինչը արդյունք է այն բանի, որ մենք զենք ենք վերցրել՝ մեր հողը, մեր իրավունքը պաշտպանելու։ Մարդկանց մտածելակերպն ամբողջովին փոխվել է։ Ղարաբաղցին հասկացել է, որ կարող է հաղթել եւ առաջին հերթին հաղթել է ինքն իրեն։ Կարծում եմ, այդ խնդիրներն էլ ժամանակի ընթացքում նա կլուծի։

Ի՞նչ ասել է սահման, ո՞վ է գծել այդ սահմանները և ե՞րբ

– Ղարաբաղցու զենքը վերջին շրջանում հաղթանակներ է գրանցում։ Ադրբեջանի հաճախ փոփոխվող իշխանությունները միաբերան պնդում են, թե ղարաբաղցիները գրավում են արդեն բուն ադրբեջանական տարածքներ։ Դրա բացատրականը հաճախ է տրվել, սակայն պատերազմը շարունակվում է։ Ո՞րն է Ձեր անելիքն առաջիկայում։

– Ղարաբաղի իշխանությունները, Ղարաբաղի բանակը մեկ հիմնական նպատակ ունեն՝ պաշտպանել իր ժողովրդին եւ պահել նրան իր հողում։ Եվ ասել, թե այդ ճանապարհին ղարաբաղցին դուրս է եկել իր սահմաններից՝ ճիշտ չէ։ Ի՞նչ ասել է սահման, ո՞վ է գծել այդ սահմանները եւ ե՞րբ։ Սահմանների մասին խոսակցությունները պետք է ավելի հստակ լինեն։ Աշխարհը փոփոխվում է, սահմաններն էլ փոփոխվում են, մեր սահմանները փոխում ենք մեր էության մեջ։

– Ադրբեջանում փաստորեն փոխվել է իշխանությունը։ Դրան զուգահեռ՝ առաջին անգամ կայացել են Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները։ Այդ երկու երեւույթները Դուք որեւէ կերպ կապու՞մ եք իրար։

– Ուղղակի բանակցությունները ժամանակի թելադրանքն էին եւ կապված էին այդ փոփոխության հետ։ Ես կարծում եմ, որ պարոն Ալիեւը ավելի փորձառու է։ Նա հասկանում է, որ իր այս քայլերը ձեռնարկվում են, ի վերջո, հօգուտ Ադրբեջանի։ Թե որքանով է Ադրբեջանի նոր ղեկավարն անկեղծ, ցույց կտա ժամանակը։ Իսկ մեր տեսակետը չի փոխվել. Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ այսօր ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ով պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ-ն. Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը։ Իմ կարծիքով , Ադրբեջանն արդեն ճանաչել է մեր անկախությունը։ Պատահական չէ, որ ուղղակի բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունից զանգահարել էին մեր արտգործնախարարին եւ հայտարարել, թե հանդիպման մասնակիցներն իրենց կողմից լիազորված չեն եղել։ Այսինքն՝ մի կողմից ստիպված են ճանաչել, մյուս կողմից փորձում են կեղծել։ Սա ճիշտ չէ։ Վաղ թե ուշ պետք է նստեն սեղանի շուրջ եւ կնստեն։

– Տարածաշրջանի իրադարձությունները միշտ կապում են Մոսկվայի դիրքորոշման հետ։ Օրինակ, Ալիևի իշխանության գալը դիտվեց որպես Կրեմլի հաջողություն։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա իրական եւ արդյո՞ք կարող է հակազդել այստեղ զարգացող գործընթացների վրա։

– Այս մեծ աշխարհում ոչինչ չի կատարվում առանց հզոր ուժերի ազդեցության։ Ինչ վերաբերում է մեր տարածքին, ապա այստեղ եւս առկա է Ռուսաստանի ու մյուս պետությունների ազդեցությունը։ Մենք դա զգում ենք եւ տեսնում ամեն օր։ Մեր խնդիրն է վերլուծել եւ հասկանալ այդ ազդեցության դրսեւորման բուն նպատակներն ու ձեւերը։ Որովհետեւ զուտ մեկ ազդեցություն չկա։ Տարբեր ուժեր են գործում, եւ հարկ է պարզել դրանց հարաբերակցությունը։ Ազդեցությունն առկա է, բայց ոչ միայն Ռուսաստանից, այլեւ նույն ԵԱՀԽ-ից, ՄԱԿ-ից… Չէ՞ որ ՄԱԿ–ը նույնպես միաձայն է որոշումներ կայացնում։ Ուրեմն, մյուս պետություններն էլ են համադրում իրենց աշխատանքը։

– Իսկ ինչպե՞ս եք ընկալում Թուրքիայի միջնորդական առաքելությունն այս հակամարտության գոտում։

– Մի փաստ բերեմ։ Երբ հրապարակի վրա էր խաղաղ կարգավորման եռակողմ նախաձեռնությունը, մենք ակնկալում էինք փաստաթղթերի ու առաջարկների փաթեթներ ստանալ նախաձեռնող երկրներից։ Մոսկվայից ու Վաշինգտոնից նման փաստաթղթեր մենք ստացանք, իսկ Անկարայից՝ ոչ։ Դա արդեն իսկ մտահոգիչ էր։ Կասկածում ենք Թուրքիայի անկեղծությանը, հատկապես այս վերջին դեպքերից հետո, երբ պարզ դարձավ, որ նույն Թուրքիայում արտադրված զենքով է կռվում ադրբեջանական բանակը։ Այնպես որ, Թուրքիային, որպես խաղաղարարի ու միջնորդի, մենք լուրջ չենք ընդունում։

– Վերջում կուզեի, որ խոսեք Ձեր ուղղակի պարտականությունների մասին։ ԼՂՀ ԳԽ-ն ժամանակ գտնու՞մ է օրենսդիր աշխատանքով զբաղվելու։

– Դա պետության ներքին կյանքի խնդիրներից է, որ աշխուժացման կարիք է զգում։ Ցավոք, մենք գտնվում ենք պատերազմի մեջ, իսկ ԳԽ-ն այն մարմինն է, որն իրականացնում է ամենամեծ իշխանությունը, եւ նրան չվերաբերող հարցեր չկան։ Բացի ղրանից, կան եւ առարկայական, եւ ենթակայական պատճառներ ունեցող թերություններ, որ պետք է աշխատենք վերացնել։ Ժամանակն է, որ ԳԽ-ն ճշտի իր վերաբերմունքը թե արտաքին քաղաքականության, թե տնտեսության զարգացման, թե բանակի վերաբերյալ։ Պետությունը մեկ տարում չի կայանում։ Ուզենք թե չուզենք, կան որոշակի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք։ Պատասխան ստանալուց հետո կարող ես քայլ անել եւ եթե այդ քայլն անես որպես պետական գործիչ, ապա դա ժողովրդին միմիայն օգուտ է բերելու։

– Համոզվածությամբ ուզում եմ հուսալ, որ այդ պատասխանները շուտով կստացվեն ու կհետեւեն քայլերը։

Զրույցը վարեց ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives