«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
Օգոստոսի 19-ին Մոսկվայում հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վահան Փափազյանի եւ Հիքմեթ Չեթինի միջեւ։
«Նոյյան տապանի» թղթակցին Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ մեկժամյա հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես երկու կողմերը անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ։ Քննարկվել են նաեւ ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ–ի ԱԽ-ի՝ դարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին նախաձեռնությունները։
Չնայած երկու կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն այդ նախաձեռնությունների որոշ հիմնադրույթների նկատմամբ, այնուամենայնիվ, արտգործնախարարները դրականորեն են արտահայտվել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Վ.Փափազյանը եւ Հ.Չեթինը որոշել են հետագայում եւս շարունակել փոխհարաբերությունները եւ երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումները։ Վ.Փափազյանը անբավարարություն է հայտնել թուրքական մամուլի ոչ օբյեկտիվ հոդվածների կապակցությամբ։