«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
«ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս «Անվտանգության խորհրդի 822 եւ 853 բանաձեւերի իրականացմանն ուղղված հրատապ քայլերի ճշգրտված ժամանակացույցին»», ասվում է ՀՀ արտգործնախարար Վ.Փափազյանի՝ Մ.Ռաֆայելիին հղած նամակում։ Բովանդակային որեւէ առարկություն չունենալով նաեւ հավելված երկրորդի՝ «Միացյալ կոորդինացնող հանձնաժողովի ուղեցույցի» վերաբերյալ՝ ՀՀ կառավարությունը վերապահումով է մոտենում հավելված առաջինին՝ «Հակամարտության գոտու սահմանումը»։
Ըստ այդմ, Հայաստանն առաջարկում է Հայաստան-Նախիջեւան սահմանի երկու կողմերով որպես հակամարտության գոտի նշանակված հողաշերտի լայնությունը առաջարկված 10կմ-ի փոխարեն նվազեցնել եւ հասցնել 5կմ–ի։ Երկրորդ կետով առաջարկվում է «Երեւանը հանրապետության հարավային մասին կապող եւ հարավային միջազգային սահման տանող մեր միակ հյուսիս-հարավ մայրուղին չհամարվի հակամարտության գոտու մաս»։ Հայաստանը հույս է հայտնում, որ անպաշտոն խորհրդակցությունների արգասիք հավելվածները կներկայացվեն պաշտոնական քննարկման եւ ընդունման՝ Մինսկի խմբի պաշտոնական գումարման ժամանակ։