«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)
Օգոստոսի 18-ին Ստեփանակերտից հաղորդել են, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր-Կիչան-Չլդրան-Դրմբոն-Ղազարահողեր գյուղերում արդեն վերականգնված է հեռախոսային կապը։ Ի դեպ, գիծը կարգավորված է նաեւ Առաջաձորի եւ Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղերի միջեւ:
Պատերազմի առաջին թիրախ դարձած կապի հանգույցների եւ միջոցների վերականգնման իրականացումը կապված է խիստ դժվարությունների հետ։
Մարտակերտի ամբողջ տարածքը ականազերծված չէ, տեղանքը քարքարոտ է եւ անտառածածկ, բացի այդ թշնամու կողմից ամբողջովին ոչնչացվել են հեռախոսասյուները, մեկուսիչներն ու լարերը։ Բոլորովին վերջերս, երբ հնարավոր եղավ ինչ-ինչ տեղերից ձեռք բերել անհրաժեշտ նյութերը, կապավորների հատուկ ջոկատներն իրենց անընդմեջ աշխատանքով կարողացան կարգավորել վերը նշված գյուղերի հեռախոսակապը եւ այժմ էլ շարունակում են իրականացնել մյուս գյուղերի համանման աշխատանքները։
«Հայլուր»