«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)
Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԳԽ լրատվական կենտրոնից, հուլիսի 27-ին կայացավ ԼՂՀ ԳԽ նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեցին հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
ԳԽ նախագահությունը որոշեց ներկայումս Մոսկվայում ԽՄԿԿ-ի հարցը քննող Ռուսաստանի սահմանադրական դատարանին դիմել հետեւյալ խնդրանքով հակասահմանադրական եւ ապօրինի համարել ՌԿ(բ)կ Կովկասյան Բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին։
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ ԼՂՀ ԳԽ նախագահության հատուկ պատվիրակության քաղաքական խորհրդակցության արդյունքները։ Ընդգծվեց նաեւ խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը։