«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)
Անցյալ երկու ձմեռների ընթացքում սառը ցնցուղի տակ լողանալու սովորած ժողովուրդ ենք, եւ չպետք է զարմանալ, որ գոյություններս պահպանելու համար տաքանալու ամեն մի փորձի անմիջապես հետեւում է դեռ նոր սառցահալ գլուխներիս սառը ցնցուղ պահելու հերթական ցանկությունը։ Պոլ Գոբլի հավիտենապես մերժելի եւ ի սկզբանե տխմար քարտեզի ուրվագիծը կրկին երեւաց հայոց մամուլի տողատակում, հենց որ Արցախի ինքնապաշտպանության ուժերն արեւմտյան ճակատում ձեռնարկեցին Մարտակերտի ազատագրմանը թիկունքից սպառնացող զինուժը ջախջախելու վճռական գործողություններ։
Ղարաբաղցու մահակը ջարդեց մեր լեռներում որջ դրած գայլի հերթական ժանիքը, ու գայլի ոռնոցր հերթական անգամ աշխարհ բռնեց։ Այդ պարզ ու հասկանալի ձայնը աշխարհն ավելի հաճույքով ու արագ է ըմբռնում, քան մեր դիվանագետ կոչեցյալների անփոփոխ մայունն ու երբեմնակի մնչյունը։ Իսկ գայլերը ոռնում են, որովհետեւ պինդ մահակի են հանդիպել, ոռնում են, եւ ոռնոցի բովանդակությունը ոհմակը հավաքելու կանչն է։
Թուրքական գորշ գայլը իրականում ապրում է չախկալի կենսաբանությամբ եւ օրենքներով։ Ոհմակ է կազմում թույլ ու հիվանդին բզկտելու համար, կտրում է հոգնած զոհի նահանջի ճանապարհն ու քշում նրան ուժասպառ անելու համար այնքան, որ շներից ոչ մեկի դունչը չարնոտվի կճղակի հարվածից, լեշ է հոշոտում, առյուծի թողած ոսկորներն է կրծոտում ու արնակալած հող լափում, բայց ուժեղի հանդիպելիս քաղցած մնալով եւ, մանավանդ, ժանիքը կոտրելուց հետո կրկին կուտակվում է ոհմակով եւ դժգոհ ոռնում։ Այնքան դժգոհ ու բարձրաձայն, որ ոռնոցը լցնում է իրենով աշխարհ կոչվող այս վիթխարի տափաստանը։ Բոլոր երկրներն ունեն իրենց «կենսական շահերը»։ Մեկի կենսական շահերը պահանջում են ներկայություն Պարսից ծոցում, մյուսի շահերը կենսականորեն պահանջում են մի քանի օվկիանոսներում իր սուզանավերի ձուկ բռնելու ազատությունը, երրորդի կենսական շահերր ձգվում են մինչեւ լուսին։ Մեր կենսական շահերը պահանջում են, որ թույլ չտանք գայլը մեզ ուտի։ Մեր կենսական շահերը պահանջում են հայկական Քարվաճառ գավառում ջարդել հայկական Արցախի թիկունքին ուղղված դաշույնը։ Մեր կենսական շահերը պահանջում են արեւելքից եւ արեւմուտքից ցից դնել դեպի Զանգեզուր վազող շների ճանապարհին։ Մեր կենսական շահերը հրամայականորեն պահանջում են թեկուզ երբեմն օրիորդի նման չշիկնել գայլերին կերակրող մարդասեր քեռիների տիրական հայացքի ներքո։
Երբ ծեծում ես ադրբեջանցի չախկալին, անմիջապես ոռնում է նաեւ օսմանցի գայլը։ Երեկ Թուրքիայի բարձրագույն իշխանությունը օդանավով թռավ Տաշքենդ եւ օդանավում հայտարարեց. «Մենք չպետք է վախենանք ռազմական միջամտությունից։ Մենք պետք է ատամ ցույց տանք»։
Ահա այդպես։ Նրանց կենսական շահերը պահանջում են ատամ ցույց տալ։ Իսկ մեր կենսական շահերը պահանջում են, որ մահակ ունենանք։ Ամուր ձեռքում։
Գր. Բաբայան