November 28, 2024

Սիրելի՛ հայրենակիցներ

  • by Archives.am
  • 37 Years ago
  • Comments Off

Այժմ, երբ ամբողջ աշխարհի հայությունը համախմբվել է Ղարաբաղի հարցի արդար լուծման շուրջ, երբ մենք բոլորս զարմանքով տեսանք, թե ինչպիսի հզոր կենսական ուժով է օժտված հայ ազգը, երբ սկսեցինք հավատալ, որ մեր ազգը մեծ ապագա ունի և կարող է նորից կանգնել մյուս քաղաքակիրթ ազգերի շարքում, իր լուման ներդնել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, ավելի ու ավելի մեծ թվով հայեր սկսեցին գիտակցել՝ այն առանցքը, որի շուրջ հավաքված է մեր ազգը, մեզ միմյանց կապող թելը հայոց լեզուն է:

Դարերի ընթացքում կորցնելով պետականությունը, ենթարկվելով բազմաթիվ հողային տրոհումների, զրկվելով Մեծ Հայքի տարածքի հիմնական մասից՝ մենք կորցրել ենք նաև հայության մի շարք հատվածներ ոչ միայն պատերազմների և ջարդերի պատճառով: Հայությունից հեռացել են նրանք, ովքեր դադարել են խոսել հայերեն, և որոնց հետագա սերունդները չեն ստացել հայկական կրթություն: Մեր թշնամիները միշտ աշխատել են խլել մեզանից մեր լեզուն, փակել հայկական դպրոցները: Դա է պատճառը, որ Ղարաբաղի հայության հիմնական պահանջներից մեկն էլ մայրենի լեզվով կրթությունն է:

Ապագայի հանդեպ մեր ազգի հավատի կորուստը, կեղծ ապահովության պատրանքը հանգեցրել են այն բանին, որ նույնիսկ Հայաստանում ապրող հայերի մի մասը կտրվել է իր ազգային լեզվից, ստեղծվել է հայ ժողովրդի մի նոր, ոչ հողային բնույթի տրոհում:
Այժմ իրավիճակը փոխվել է, մենք սկսել ենք հավատալ մեր ազգի ապագային, պայքարի մեջ ենք, պետք է գնանք մինչև վերջ մեր ազգային նպատակներն իրագործելու համար:

Նա, ով իր զավակին չի տալիս հայկական դպրոց, մի կտոր է պոկում հայությունից, թուլացնում նրա ուժը:

Նա, ով իր զավակին չի տալիս հայկական դպրոց, չի հավատում իր ազգի ապագային, հետևաբար իրեն դուրս է համարում մեր պայքարից:

Նա, ով իր զավակին չի տալիս հայկական դպրոց, դժբախտացնում է նրան, կտրում ազգը սնուցող հազարամյակների աղբյուրից՝ հայոց լեզվից:

Ղարաբաղյան շարժման շատ մասնակիցներ, մանավանդ նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են Հայաստանից դուրս, երկար տարիներ կարևորություն չեն տվել հայոց լեզվի իմացությանը: Այդ մոլորությունը ողբերգություն էր դարձել մեզ համար: Մենք գիտակցեցինք այն անհերքելի ճշմարտությունը, որ առանց մայրենի լեզվին տիրապետելու՝ հնարավոր չէ լինել ժողովրդի հարազատ զավակը, զգալ նրա ոգին, հարգել մյուս ժողովուրդներին, նրանց լեզուն ու մշակույթը:

Ղարաբաղյան շարժման մասնակիցներ՝ Իգոր Մուրադյան, Վազգեն Մանուկյան, 1988թ., մայիսի 7
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives