Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350)
«Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ունեն որոշ թվով և հակաօդային պաշտպանության միջոցներ, և օդուժ»,- հունվարի 15-ին ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արմեն Դուլյանը: Որպես իր ասածի հավաստում նա վկայակոչեց վերջին ժամանակներում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Ադրբեջանական բանակի շուրջ 20 ինքնաթիռներ և ուղղաթիռներ վնասազերծումը:
Միևնույն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կտրականապես հերքեց ադրբեջանական լրատվական միջոցների կողմից տարածած այն լուրերը, թե Հայաստանի ռազմական օդուժը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտական գործողություններին և այդ ընթացքում ունեցել է կորուստներ:
Իսկ անդրադառնալով ադրբեջանական ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքերի և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությանը վերջին շրջանում հաճախակիացած դեպքերին, նա ավելացրեց, որ ներկայումս ընթանում է Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի կատարելագործման ակտիվ գործընթաց: