«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Հանրապետության իշխանությունների եւ մտավորականության` մարտի 21-ին ՀՀ ԳԽ նիստերի դահլիճում կայացած հանդիպման նպատակն անշուշտ, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառի գործիչների տրտունջը լսելը չէր։
Այն հնարավորություն կտար իշխանություններին «պարզելու, թե ինչպիսին է այսօր մտավորականությունը, իսկ մտավորականությանը՝ ներկայացնելու հոգեւոր ոլորտի հիմնահարցերը, առաջարկներ անելու ինքնամեկուսացունից դուրս գալու եւ պետության կառուցման գործին մասնակցելու ուղիների ու միջոցների վերաբերյալ։
Ցավոք, հայ մտավորականների ելույթները հիմնականում կառավարությունից դրամ խնդրելուց այն կողմ չանցան։ Տպավորություն ստեղծվեց, որ նման կացության միակ պատճառը դրամի խնդիրն է։ Մինչդեռ հոգեւոր ոլորտը, որ, ինչպես նշվեց ելույթներում, մի ժամանակ իր ներուժով երրորդն էր Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո, այսօր մեկուսացված է, կաթվածահար՝ դեպի արտասահման գիտնականների ու մշակույթի գործիչների անընդհատ հոսքից։ Պետական հովանավորությունից զրկված ու իրենց կարեւորությունը կորցրած՝ քայքայման ու փակման եզրին են հայտնվել թատրոնները, կինեմատոգրաֆիան, գրահրատարակչությունը։ Ծանր կացության մեջ է Գիտությունների ակադեմիան։
Հանդիպման ընթացքում հանդես եկան ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը եւ վարչապետ Հ. Բագրատյանը։ Վերջինս խոստացավ հնարավորին չափ լուծում գտնել առաջադրված խնդիրներին։
ՀՀ նախագահն իր եզրափակիչ խոսքում, նշելով, որ նման հանդիպումները հաղորդակցվելու լավագույն միջոց են, խնդրեց չհրապարակել իր ելույթի շարունակությունը։ Եւ չնայած հանրապետությունից դուրս արդեն իսկ մեջբերումներ են արվում այդ ելույթից, մենք որոշեցինք հարգել նախագահի խնդրանքը։
«Հայլուր»