«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Հիշում եք՝ «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, երգեց, ճռաց, ճռճռաց, եւ երբ եկան ձմռան օրերը ցրտաշունչ, ընկավ լուռումունջ, քաղցած փորին էլ ի՞նչ երգ, ցուրտը տարավ ոտուձեռ»։ Ճիշտ այդպես այս էլ երեք ամառ շուռումուռ ենք գալիս, ճռում, ճռճռում, քաղաքական լուրջ խնդիրներ տալիս-առնում, երկար–բարակ ճառում-ճամարտակում, մեծ-մեծ ստեր հորինում եւ այդ ստերին հավատում, դրանցով հիանում-ուրախանում ու… ձմռանը կանգնում կոտրած տաշտակի առաջ։
1990-ի սարսափելի ձմռան մի սառնաշունչ օր ազգովին ընդունեցինք խորհուրդ-մխիթարանքը, թե՝ մի քիչ էլ կացեք, գարուն կգա, խոտերը կբուսնեն։ Ինչպես նաեւ խորհուրդ-խրատը ազգի ոչ մորուքակիր մասին՝ թե ինչպես կարելի է ընդամենը կես բաժակ ջրով սափրվել:
1991–ի խստաշունչ ձմռանը այդ խորհուրդներն էլ ավելորդ համարվեցին։ Մնացինք մեն –մենակ սառնամանիքի դեմ՝ հույսներս մեզ վրա, «առանց կողմնորոշման ու երրորդ ուժի»։ Եվ, պատկերացրեք, հաղթեցինք՝ ի հեճուկս բոլոր ընդդիմադիրների։
Դարձյալ ողջ ամառը շուռումուռ. էլ Գերագույն խորհրդի բուռն նիստեր, էլ վարչապետներ, էլ նախարարներ… Եվ նորից ձմեռ։ Ավելի դաժան, ավելի սարսափելի, քան նախորդ երկուսը։ Դե ձմեռ է, ձախորդ օրերի նման կգա ու կերթա, իսկ տաքերն ընկնելուն պես կզբաղվենք վեհ քաղաքականությամբ, մեկին երկրից կվռնդենք, մեկելին պատվով ու փառքով երկիր կկանչենք, տաք օրերը թեժ վիճաբանությամբ կանցկացնենք ու ձմռանը…
Բայց սպասեք, լուրեր են պտտվում, թե սա վերջին ձմեռն է լինելու, այսինքն էլ այսպիսի ձմեռ չի լինի, ասել է թե՝ ավելի դաժան կլինի…
Ժողովուրդն էլ ցրտից սկսել է իրեն ձեռ առնելով տաքանալ։ Ասում են՝ ճշտերն աշնանն են հաշվում, հայերին՝ գարնանը։
Հայաստանը անկախ ամառանոց դարձնելու երազանքը իրականություն է դառնում։ Կգա գարունը, ողջերին կհաշվենք, կհանենք սահմանամերձ շրջանների դատարկվող բնակչությանը, մնացած թվից՝ արտասահման փախչողներին, կգումարենք մեծափոքր երկրների դեսպանատների կոփված աշխատողներին, «մի քանի սարուձոր Հայաստանից» կթողնենք մի բուռ դաշտավայր՝ իր թագավորանիստ քաղաքով, ու եթե էլի ձմեռ գա՝ իր ծոցից դուրս թռած իշխանությանը ժողովուրդը նորից իր ծոցը կառնի, կփաթաթվի ու տաք-տաք քուն կմտնի մինչեւ գարուն։ Դա հաջորդ տարի, իսկ այժմ բռնենք վերվերի, քամին ծափ տա, կառավարությունը պարի:
Յուրի Դավթյան