«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
«Չթողնել մարդասպաններին իրագործել իրենց հանցագործությունները փակ սահմանների ներսում, հասնել շրջափակված Հայաստանին եւ Ղարաբաղին միջազգային լայն հումանիտար օգնության տրամադրմանը»,– այսպես է բնութագրել իր այցը Հայաստան եւ ԼՂՀ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակ բարոնուհի Քոքսը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ ՌԴ Հայաստանում դեսպան Վ. Ստուպիշինը, Անդրեյ Սախարովի միջազգային ֆոնդի նախագահ Ելենա Բոները, «Միջազգային քրիստոնեական համաձայնություն» եւ «Բաց դռներ» (Նիդեորլանդներ) կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ղարաբաղ իր տասնմեկերորդ այցելությունից վերադառնալով, ուր այս անգամ էլ տարել էր մեծ քանակությամբ հումանիտար օգնություն եւ Ծննդյան տոները նշել ղարաբաղցիների հետ, բարոնուհի Քոքսը ադրբեջանցիների կողմից տարվող պատերազմը անվանել է ագրեսիա ԼՂՀ–ի եւ Հայաստանի նկատմամբ, քանի որ կան ագրեսիայի բոլոր նախանշանները։
ՌԴ Հայաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, որ օրերս եղել է Հայաստանի Կրասնոսելսկի շրջանում, նշեց, որ ադրբեջանցիների կողմից ուղիղ նշանակությամբ ռմբակոծվում են ոչ թե զինվորական բազաները, որոնք այնտեղ չկան, կամ դիրքերը, այլ խաղաղ բնակիչները։ Նա Ադրբեջանի ռազմական գործողություններն անվանել է «սովորական հանցագործ պատերազմ ընդդեմ քաղաքացիական բնակչության», եւ ասել, որ անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների միջամտությունը։