«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 50 միլիարդ ռուբլի տեխնիկական վարկեր։ Այդ գումարի հաշվից մոտ ժամանակներս շրջափակված Հայաստան կուղարկվի հացահատիկ, վառելանյութ, կենսական կարեւոր այլ անհրաժեշտ բեռներ։ Բացի այս ամենից, 7 միլիարդ ռուբլի կտրամադրվի աղետի գոտու վերականգնմանը։ Այսպիսի համաձայնագիրով են ավարտվել Լ. Տեր–Պետրոսյանի հանդիպումները ՌԴ նախագահ Բ. Ելցինի եւ վարչապետ Վ. Չեռնոմիրդինի հետ։
Քննարկվել են նաեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։
Մոսկվայում վերջին հանդիպման ընթացքում ԱՊՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ե. Շապոշնիկովի հետ քննարկվել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի զորքերի կարգավիճակի հարցը։ Հայաստանի նախագահին մոտ աղբյուրներից «Սնարքի» թղթակցին հայտնի է դարձել, որ այս հարցի շուրջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հատուկ պրոբլեմներ ի հայտ չեն եկել։
Կասկած չկա, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան տագնապը, սակայն հանդիպման մասնակիցները լրագրողներին այս մասին էական ոչինչ չեն հաղորդել։
Լ. Տեր-Պետրոսյանի եւ Խ. Հարությունյանի այցը Մոսկվա՝ ավարտվեց, սակայն հայկական պատվիրակության մի մասը մնացել է համաձայնագիրով նախատեսված աշխատանքների իրագործման մեխանիզմների մշակման համար։ Մնացել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության մի խումբ ներկայացուցիչներ։