«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Ծննդյան տոնից հետո ադրբեջանական կողմը կտրուկ սրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաճակատներում։ Հունվարի 7-ին, 8-ին եւ 10-ին հեռահար տարբեր զենքերից հրթիռահրետակոծվել է սահմանամերձ ողջ գոտին, հատկապես Մարտունու շրջանում։ Ինչպես հաղորդում է Ա.Մ.–ի Մարտունու թղթակիցը, հունվարի 10-ի երեկոյան Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են վերջերս ազատագրված Գեւորգավանի սահմանապահ պաշտպանական դիրքերը։ Ազատամարտիկների պարեկակետերի վրա արձակված մոտ 40 հրթիռների հետեւանքով պաշտպաններից մեկը զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել։ Գեւորգավանի դիրքերը հրետակոծվում էին նաեւ նախօրյակին, առանց լուրջ հետեվանքների։
Տավուշի սահմանում իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Հունվարի 10-ին թշնամին ծանր հրետանուց հրետակոծել է շրջանի Պառավաքար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը։ Երեկ եւս այստեղ չէին դադարում ավտոմատային եւ գնդացրային կրակոցները։ Հիշյալ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը հուսալիորեն պաշտպանում են սահմանը, սակայն զգում են զենքի եւ զինամթերքի կարիք։ Չինարի գյուղի վրա կատարած վերջին հարձակման ժամանակ թշնամին մարտի դաշտում է թողել 6 սպանված։
Հունվարի 10-ին, ժամը 10.30-ից սկսած, իրավիճակը կրկին սրվել է Լաչինի միջանցքի հարավում՝ Սաֆյանի շրջակայքի եւԳորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ։
ՀՀ հարավ–արեւելյան զորամիավորումների եւ Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ 11.30-ից սկսած վերոհիշյալ տեղանքներում պահպանվում է լարվածություն։ Նշենք, որ հունվարի 9-ին, կարճատեւ ընդմիջումներով, մի քանի ժամ շարունակ հրթիռակոծվել են Կոռնիձորը եւ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը։
Սահմանների անվտանգությունն ապահովող Գորիսի շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցներից մեկը զոհվել է։