«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Սուրբ ծնունդը անցկացնել Ղարաբաղում, այս ազատատենչ հողի հիանալի ու բարի մարդկանց հետ»,– երեկ Ստեփանակերտ մեկնելուց առաջ «Սնարքի» թղթակցին ասել է բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը։
Բարոնուհին դատարկ ձեռքերով չի ուղեւորվում իր հին ընկերների մոտ։ Այս անգամ նա 50 տոննա մարդասիրական բեռ կտեղափոխի երիտասարդ հանրապետության, այդ թվում՝ մեծաքանակ դեղորայք եւ սննդամթերք։
Մոռացության չեն մատնվել Ղարաբաղի երեխաները։ Նրանց բարոնուհին անակնկալ կմատուցի՝ 2 տոննա շոկոլադ եւ «Աստվածաշնչի» 5 հազար օրինակ հայերեն լեզվով, որը հրատարակվել է Եվրոպայում։
«Անկասկած, իմ ամեն մի այցելությունը Ղարաբաղ որոշակի ռիսկ է պարունակում իր մեջ, սակայն վախի զգացումը անմիջապես տեղի է տալիս, երբ հանդիպում ես իրենց մարդկային իրավունքների համար պայքարող հպարտ ղարաբաղցիներին»,– ասել է բարոնուհի Քոքսը։