«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)
Ինչպես Գուդաուտայից հաղորդել է Աբխազիայի ԳԽ մամլո կենտրոնը, աբխազական զինված կազմավորումները, լույս երկուշաբթի գիշերը անցնելով հակահարձակման, մարտեր են մղել Սուխումի Նովի շրջանում։
Առավոտյան ժամը 10-ի դրությամբ, Գուդաուտայի հոսպիտալ են բերել 2 սպանված եւ 10 վիրավոր աբխազ։ Անցած ամբողջ օրը եւ երեքշաբթի առավոտյան Գումիստա գետի երկայնքով ձգվող վրացական դիրքերը ենթարկվել են զանգվածային հրետակոծության, հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։ Կրակի թիրախ են դարձել նաեւ Սուխումի բնակելի թաղամասերը։
Վրացական կողմի տվյալներով, գիշերվա ժամը 3-ի մոտերքում աբխազները փորձել են գրոհ ձեռնարկել Էշերա զյուղի ուղղությամբ, սակայն վրաց հրետանին ձախողել է այդ փորձը։ Հակառակորդը, կենդանի ուժի կորուստներ կրելով, նահանջել է։ Սուխումի Փարոսի եւ Կելասուրի գյուղի շրջանում սահմանապահ պարեկությունը ձախողել է ծովից աբխազական դեսանտ իջեցնելու փորձը։ Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության նախնական հաղորդման համաձայն, անցած օրերի ընթացքում աբխազական կողմը ունեցել է 20 սպանված եւ վիրավոր։ Վրացիներից 3 հոգի վիրավորվել են։ Իսկ աբխազական կողմը հաղորդել է, որ աբխազ զինկազմավորումները մարտական գործողություններ են ծավալել Օչամչիր-Տկվարչել ուղղությամբ։ Նրանց մասնավորապես հաջողվել է ազատագրել Աթարա-Արմյանսկայա բնակավայրը։