Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)
Այս մասին հավաստեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վոլֆրանգ Բրետը, որն իր խնդրանքով հոկտեմբերի 10-ին հանդիպեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:
Զրույցի ընթացքում, որի հիմնական թեման տարածաշրջանային կոնֆլիկտների հաղթահարման ուղիների և այդ գործում միջազգային հանրության դերի հարցն էր, Բրետը ներկայացրեց իր երկրի կառավարության դիրքորոշումը աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու հնարավորությունների շուրջ:
Մասնավորապես նշվեց, որ ժամանակն է հաղթահարել ամենուր և բոլոր հարցերում «ստատուս-քվոն» պահպանելու միջոցով սեփական խղճի առջև արդարանալու և գործադրվող ջանքերի անարդյունավետության պատճառները վեճերի մեջ ներքաշված պետությունների բարի կամքի պակասին վերագրելու հին մտածողությունը և փորձել գտնել նոր մոտեցումներ, տեղական առանձնահատկությունները հաշվի առնող ոչ ստանդարտ լուծումները:
Բաժանելով այս տեսակետը, որի պաշտպանությամբ Հայաստանի իշխանությունները բազմիցս հանդես են եկել, միաժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման գործում հաջողության հասնելու համար անխուսափելի կայուն զինադադարի հաստատման վերահսկման անհրաժեշտությանը, Բաբկեն Արարքցյանը իր անհամաձայնությունը հայտնեց երբեմն արտահայտվող այն կարծիքին, թե միջազգային այս կամ այն շրջանակներում խնդրի լուծման գործընթացը կարող է փակուղի մտնել, չունենալով այլևս ելքի որևէ հնարավորություն: Այդ մասին տեղին չի խոսել, եթե առկա է հակամարտ կողմերի և շահագրգիռ պետությունների ճշմարիտ ցանկությունը՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնել բանակցությունների սեղանի շուրջ, շարունակեց Բաբկեն Արարքցյանը, ավելացնելով միայն առհասարակ սկսված գործընթացի սառեցումը:
Այնուհետև շահագրգիռ խոսակցություն ծավալվեց երկու երկրներում ներխորհրդարանական աշխատանքի կազմակերպման, ընտրակարգի առանձնահատկությունների, ընդհանրապես օրինաստեղծ գործունեության և նշված հարցերում խորհրդարանների միջև արդեն ավանդական դարձող կապերն ավելի սերտացնելու, ինչպես նաև համագործակցությունը համակարգելու կարևորության շուրջ:
Շոշափվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: