November 27, 2024

Խորհրդակցություն ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)

Հոկտեմբերի 8-ին, ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին նվիրված ընդլայնված խորհրդակցության, որին մասնակցում էին ԳԽ պատգամավորներ, սփյուռքահայության հետ կապերի վարչության պատասխանատու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, բացելով խորհրդակցությունը, ներկաներին ներկայացրեց սեփական տեսակետը հայրենիք-սփյուռք կապերի առնչությամբ, նշելով դրանց կարևորությունը արդի պայմաններում: Նա մասնավորապես կարծիք հայտնեց, որ պահն է մշակել նոր մոտեցումներ և ստեղծել անհրաժեշտ կառույցներ՝ կոորդինացնելու ու զարգացնելու հայրենիք-սփյուռք հարաբերությունները:

Խորհրդակցության մասնակիցների կողմից ևս ներկայացվեցին անելիքների կոնկրետ ծրագրեր: Առանձին ելույթներում այն միտքն արտահայտվեց, որ խորհրդային կարգերի օրոք սփյուռքն հայրենիքից օտարելու քաղաքականության հետևանքով մեծացել է անջրպետը հայ ժողովրդի երկու հատվածների միջև և նշվեց, որ ներկայումս ևս անբավարար են սփյուռքի համախմբման և պահպանմանն ուղղված քայլերը:

Այն կարծիքը հայտնվեց, որ հայոց անկախ պետականության գոյության պայմաններում սփյուռքում հայապահպանման, սփյուռքահայության բոլոր ուժերի համախմբման գործը պետք է ստանձնի պետությունը: Նրա շուրջ խմբվելով և ակտիվ մասնակցություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին, աշխարհով մեկ ցրված մոտ 5 միլիոն հայերը առավել մեծ հնարավորություն կունենան նեցուկ կանգնել հարազատ պետությանը:

Նպատակահարմար գտնվեց հաջորդ շաբաթ շարունակել հարցի քննարկումը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives