Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսի (PEACE CORPS) ծրագիր
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ելնելով երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությունից, համաձայնվեցին հետևյալի վերաբերյալ.
Հոդված 1
Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարության պահանջով խաղաղության կորպուսին կապահովի կամավորներով, որոնք կհաստատվեն Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանում համատեղ համաձայնեցված հանձնարարություններ կատարելու համար:
Կամավորները կաշխատեն երկու կառավարությունների կողմից նշանակված կառավարական և մասնավոր կազմակերպությունների անմիջական վերահսկողության ներքո: Հանձնարարությունները առավելապես արդյունավետ ձևով կատարելու համար ԱՄՆ-ի կառավարությունը կապահովի կամավորների ուսուցումը և վերապատրաստումը:
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության կառավարությունը անաչառ վերաբերմունք կցուցաբերի կամավորների և Խաղաղության կորպուսի հետ պայմանագրի համաձայն գործող անձնակազմի և նրանց սեփականության հանդեպ, կիրագործի ոչ պակաս լիակատար աջակցություն և հովանավորություն, քան ընդհանրապես դրսևորվում է Հայաստանում բնակվող ամերիկյան քաղաքացիների նկատմամբ, ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին տեղյակ կպահի , կխորհրդակցի և կհամագործակցի նրանց հետ կամավորներին վերաբերվող բոլոր հարցերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամավորների և Խաղաղության կորպուսի պայմանագրի համաձայն գործող անձնակազմին կազատի իրենց ապրուստի ծախսերը հոգալու համար ստացվող գումարների և Խաղաղության կորպուսում նրանց աշխատանքից և Հայաստանից դուրս աղբյուրներից ստացվող եկամուտների վրա դրվող բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաև Հայաստան մտնող և նրանց անձնական օգտագործման իրերից գանձվող մաքսատուրքերից և այլ գանձումներից (ներառյալ ներգաղթի վճարումները), բացառությամբ արտոնագրային հարկերից:
Հոդված 3
ԱՄՆ-ի կառավարությունը կամավորներին կապահովի սարքավորումների և պաշարների այնպիսի սահմանափակ քանակությամբ, որը անհրաժեշտ կհամարեն երկու կառավարությունները՝ աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար: Հայաստանի կառավարությունը կազատի մաքսատուրքերից, հարկերից ու գանձումներից այն բոլոր սարքավորումները ու պաշարները, որոնք կներմուծվեն Հայաստան կամ ձեռք կբերվեն Հայաստանում ԱՄՆ-ի կառավարության կամ նրա կողմից ֆինանսավորվող այլ կազմակերպության կողմից՝ տեղում օգտագործելու նպատակով:
Հոդված 4
ԱՄՆ-ի կառավարման սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները իրագործելու համար, Հայաստանի կառավարությունը կընդունի ներկայացուցչին, ներկայացուցչական աշխատանքներին և նրանց ընտանիքների անմիջական անդամներին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի կառավարության համար: Հայաստանի կառավարությունը այս անձանց, ովքեր Հայաստանի քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ չեն, կազատի այն եկամուտներից գանձվող հարկերից, որոնք ստացվում են Խաղաղության կորպուսի գործունեությունից կամ Հայաստանից դուրս գտնվող այլ աղբյուրներից կազատի նաև իրենց անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված անձնական ունեցվածքի վրա սահմանված այլ մաքսատուրքերից, հարկերից կամ այլ վճարումներից (ներառյալ ներգաղթի վճարումները), բացառությամբ արտոնագրային հարկերից:
Բացի այդ, այս անձինք և նրանց ընտանիքի անմիջական անդամները պետք է ստանան այնպիսի կարգավիճակ, որը հավասարազոր է ԱՄՆ-ի դիվանագիտական պարտականության վարչական և տեխնիկական անձնակազմի կարգավիճակը, որը հավասարազոր է ԱՄՆ-ի դիվանագիտական պարտականության վարչական և տեխնիկական անձնակազմի կարգավիճակին, բացառությամբ դիվանագիտական իմունիտետի:
Հոդված 5
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՄՆ-ի կառավարության կամ նրա կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից տեղում օգտագործելու համար Հայաստան մուտք գործող բոլոր դրամական ֆոնդերը կազատի ավանդային (դեպոզիտային) հարկերից և տարադրամային վերահսկողությունից: Այս ֆոնդերը (դրամագլուխները) կփոխարկվեն Հայաստանի դրամի՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնական կուրսով:
Հոդված 6
Երկու կառավարությունների համապատասխան ներկայացուցիչները կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ Խաղաղության կորպուսի կամավորների կամ Հայաստանում Խաղաղության կորպուսի ծրագրերին վերաբերվող այն հարցերում, որոնք անհրաժեշտ են կամ ցանկալի կլինեն սույն համաձայնագրի նպատակների իրագործման համար:
Հոդված 7
Սույն համաձայնագրից բխող յուրաքանչյուր կառավարության նախաձեռնությունները կախված են ֆոնդերի առկայությունից: Սույն համաձայնագրի սահմաններում ծագած ցանկացած վեճ երկու կառավարությունների կողմից պետք է լուծվի բարեկամական ոգով:
Հոդված 8
Սույն համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել երկու կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ: Սույն համաձայնագրի ու համագործակցության օժանդակելու վերաբերվող ապագա համաձայնագրի միջև տարաձայնության դեպքում Խաղաղության կորպուսի ծրագրին վերաբերվող սույն համաձայնագիրը նախընտրելի կլինի:
Հոդված 9
Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման օրից և ուժի մեջ կմնա ներառյալ 90 օր՝ հաշված այն օրից, երբ որևէ կառավարություն մյուս կառավարությանը գրավոր կծանուցի համաձայնագիրը չեղյալ համարելու իր ցանկության մասին:
Համաձայնագիրը ստորագրված է Վաշինգտոն քաղաքում, սեպտեմբերի 24-ին, 1992թ., երկու բնագիր օրինակից՝ հայերեն և անգլերեն լեզուներով, որոնցից յուրաքանչյուրը հավասարազոր է:
ՀՀ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան
Խաղաղության կորպուսի նախագահ՝ Լ. Չաո