Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)
Երեկ, հոկտեմբերի 1-ին արտգործնախարարի տեղակալ Գևորգ Ղազինյան ընդունեց Վատիկանի Արևելյան եկեղեցիների խորհրդի կարդինալ Սելվիստինիի խորհրդական Կլաուդիո Ուջելոտիին: Ինչպես Արմենպրեսի թղթակցին հաղորդեցին արտգործնախարարության մամուլի կենտրոնում, զրույցն ընթացել է Վատիկանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները ամրապնդելու, Հայաստանում Վատիկանի մշտական ներկայացուցչություն բացելու և դրա հետ կապված մի շարք հարցերի շուրջ:.
Ղազինյանը կարևորել է երկու պետությունների շուրջ քաղաքական երկխոսությունը, այդ թվում նաև միջազգային կազմակերպություններում: Նշվել է նման երկխոսությունը աշխուժացումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանը: Կարդինալ Սիլվիստիննի խորհրդականը Վատիկանի կողմից հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման իր որդեգրած քաղաքականությունը, իսկ Վատիկան իր հերթին ամեն կերպ զորավիգ կլինի դրան:
Կլաուդիո Ուջելոտին ընդգծել է արտասահմանում Հայաստանի իրավիճակին վերաբերվող լրատվական և գաղափարախոսական աշխատանքի անհրաժեշտության մասին և խնդրել հնարավորության սահմաններում կարգավորել հարցը:
Կլաուդիո Ուջելոտին պարոն Ղազինյանին տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերի 7-ին Փոթի նավահանգստում խարիսխ կգցի Վատիկանից Հայաստանին օգնություն բերող մի նավ՝ բեռնված սննդամթերքով ու դեղորայքով:
Նույն օրը Կլուդիո Ուջելոտին ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար Վարդգես Գնունիին: Խոսակցության թեման Հայստանի համար բարձրորակ մասնագետների պատրաստումն է: Իտալացի հյուրը պետության անունից պատրաստակամություն հայտնեց նպաստել այդ գործին և մի քանի հայ երիտասարդների հնարավորություն տալ կրթություն ստանալ եվրոպական առաջնակարգ համալսարաններում: Վատիկանն հանձն է առնում հոգալ նրանց ուսման հետ կապված ծախսերը, պայմանով, որ այդ երիտասարդները ամպայման կվերադառնան Հայաստան: