Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)
Կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին
Հայաստանի Հանրապետության հետ բանակցելու համար Հայստանանի Հանրապետության կառավարության հրավերով 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում էր գտնվում Ռուսաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի գլխավորությամբ: Ռուսաստանի պատվիրակության մեջ ընդգրկված էին արտաքին գործերի, արտաքին տնտեսական, պաշտպանության, տրանսպորտի, վառելիքի ու էներգետիկայի նախարարությունների ու կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներ:
Եգոր Գայդարին ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա զրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ, որը գլխավորում էր համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:
Երկու պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների շնորհիվ համաձայնագիր ստորագրվեց 1993 թվականին առևտրատնտեսական համագործակցությունը, միասնական դրամական համակարգի և համաձայնեցված դրամավարկային և վալյուտային քաղաքականության, առևտրական ռեժիմի, առևտրական ներկայուցուցչություններ հիմնելու, միջպետական կառույցներ ստեղծելու մասին, ինչպես նաև պայմանագիր Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին:
Հանգամանալի զրույցների և բանակցությունների ընթացքում նաև արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես ընդգծվեց բոլոր բնագավառներում Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված փոխհարաբերությունների սկզբունքները կարգավորող միջպետական պայմանագիրը երկու երկրների խորհրդարանների կողմից շուտափույթ հասունացած անհրաժեշտությունը:
Գոհունակությամբ նշելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների պայմանագրաիրավական հիմքի կազմավորման գործում ձեռք բերված հաջողությունները կողմերը, դրա հետ մեկտեղ երկուստեք ձգտում արտահայտեցին շարունակել այդ հիմքի հետագա ընդլայնման ու խորացման ջանքերը: Նրանք պայմանավորվեցին մոտ ժամանակներս բանակցություններ անցկացնել առողջապահության ոլորտի, բարձրագույն կրթության բնագավառում համագործակցել, հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանություն և այլ հարցերի վերաբերյալ պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու նպատակով:
Բանակցությունները անցան բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում: