«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350)
Հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսին, որը նոր էր վերադարձել Լեռնային Ղարաբաղից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերջինս տեղեկացրեց նախորդ այցելությունից հետո անցած ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնահարցը միջազգային ասպարեզում բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլուր ունեցած հանդիպումների և կազմակերպած ունկնդրումների մասին, որոնց արդյունքում նշված երկրների պաշտոնական շրջանակները, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, ընդունել համապատասխան բանաձևեր:
Այնուհետև անդրադառնալով վերջին այցելությունից ստացած տպավորություններին, տիկին Քոքսը ցավով նշեց, որ 10 շաբաթ առաջվա համեմատ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կտրուկ սրվել է և ինքնապաշտպանության մարտիկներին հաջողվում է ադրբեջանական հրոսակների չդադարող հարձակումներին դիմագրավել անձնազոհության և հայրենի օջախները մինչև վերջ պաշտպանելու վճռականության շնորհիվ:
Նա տեղեկացրեց նաև, որ իր և Քրիստոնյաների համերաշխության միջազգային կազմակերպության հանգանակած միջոցներով Լեռնային Ղարաբաղ են հասցրել դեղորայք և բուժամիջոցներ, վստահեցնելով, որ առաջիկայում ևս ամեն ինչ կարվի մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու, ինչպես նաև Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների մասին միջազգային հանրությանը տեղյակ պահելու ուղղությամբ:
Իր հերթին շարադրելով խնդրի կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների տեսակետը, հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ հիմա, երբ հակառակ Հայաստանի ջանքերի իրական է ղարաբաղյան կոնֆլիկտը տեղականից տարածաշրջանայինի վերաճելու վտանգը, ինչը անկասկած կշոշափի նաև հարևան պետությունների` ուրեմն և համաշխարհային հանրության շահերը, ժամանակն է, որ Արևմուտքն ավելի լուրջ զբաղվի Լեռնային Ղարաբաղի խնդրով: Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ տեղի բնակչության կյանքի ապահովության հիմնական երաշխավորների` ներքին զորքերի ստորաբաժանումների դուրսբերումից հետո անհրաժեշտություն է առաջանում նրանց փոխարեն կայունությունը պահպանել խաղաղարար այլ ուժերի միջոցով, լինեն դրանք Համագործակցության միջհանրապետական զինվորական կազմավորումները, թե ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտները»:
Ընդգծվեց նաև, որ հարկ է խստացնել պատժամիջոցներն այն հանրապետությունների նկատմամբ, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները:
Բացի այդ, նշվեց միջազգային հանրության կողմից Ղարաբաղի ժողովրդի պայքարի արդարացիությունը ճանաչելու անհրաժեշտությունը` որպես ազգային-ազատագրական պայքար, գոյատևելու իրավունքի կռիվ:
Մոտ մեկևկես ժամ տևողությամբ զրույցի ընթացքում արծարծվեցին խնդրին առնչվող մի շարք այլ հարցեր:
Վերջում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խորին գոհունակություն հայտնեց բարոնուհի Քոքսի հետևողական գործունեության առթիվ, շեշտելով, որ հիմնականում նրա և ակադեմիկոս Ա. Սախարովի այրու` Ե. Բոների ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց միջազգայնացնել Ղարաբաղի հարցը:
Հանդիպմանը ներկա էին Գերագույն խորհրդի նախագահության անդամներ Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Բաղդասարյանը, նախագահի խորհրդական Վահան Փափազյանը: