«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349)
Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում հանդիպում է ունեցել պետական քարտուղար Ջեյմս Բեյքերի հետ: Հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի նախարարները դիվանագիտական նոտաներ են փոխանակել` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Նոտաների փոխանակումից հետո տեղի ունեցած զրույցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական իրավիճակը, Անկախ Պետությունների Համագործակցությունում ծավալվող գործընթացների, Արցախի հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների միջև ծավալվող նոր հարաբերությունների ընդհանուր վիճակին առնչվող այլ հարցեր:
Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին հաղորդեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պետքարտուղար Ջ. Բեյքերը ընդունել է Երևան այցելելու հրավերը Անկախ Պետությունների համագործակցություն կատարելիք իր ուղևորության ընթացքում: