Ազգ, 16 մարտի, 1991թ., թիվ 9
Ըստ «Հյուրիեթի», Մոսկվայում հավատարմագրված Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը օրերս այցելություն է կատարելու Երևան։ Հայ և թուրք պատասխանատուները առաջին անգամ առիթ են ունեցել շփման մեջ մտնելու շուրջ մեկ տարի առաջ՝ Ստամբուլի Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի մահվան առնչությամբ։
«Դեսպան Վոլքան Վուրալը,- գրում է թերթը,- Խորհրդային Հայաստանի որոշ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպել է ճաշկերույթի ժամանակ և վերջիններս նրան հրավիրել էին Հայաստան։ Սակայն ոչ պաշտոնական բնույթի փոխհարաբերությունները Թուրքիայի արտգործնախարարությունում գաղտնի դիմադրության են հանդիպում։ Եվ ահա, նախարարությունը դեսպանին լռակյաց հասկացնում է, որ «ոչ պաշտոնական շփումները ավելորդ դժվարություններ են հարուցում»։
Վոլքան Վուրալը մոտ օրերս, հարմար պահին մեկնելու է Երևան։ Դեսպանի այցը Խորհրդային Միության և Թուրքիայի միջև առկա հոգեբանական կարևոր պատնեշներից մեկը ևս հաղթահարելու նախադրյալ է ստեղծում։ Ի վերջո, Թուրքիան Խորհրդային Միությունում հետզհետե աճող ազդեցություն է ձեռք բերում, ինչը կամա թե ակամա անդրադառնալու է երկու երկրների ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարաբերությունների վրա»։