Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176)
Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հաղորդեց, որ սեպտեմբերի 1-ից մինչև 7-ը ադրբեջանական կողմը ավելի քան 60 անգամ խախտել է Հայաստանի սահմանը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում չի ձգտում դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները սահմանում: Անդրադառնալով Ղազախստանի միջնորդական գործունեությանը՝ Շահնազարյանը նշեց, որ «մեխանիզմները չափազանց թույլ են, չկա համեմատաբար արդյունավետ գործող ապարատ, չկա նույնիսկ շուրջօրյա հեռախոսային կապ: Ուստի իրավիճակը դեռ ոչ ոքի առիթ չի տալիս սլավատեսության համար»:
Սակայն Երևանում նախագահ Նազարբաևի ներկայացուցիչ Կաժոկովն ավելի լավատեսորեն է տրամադրված: Նրա կարծիքով, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում փոքր-ինչ մեղմացել է: Կաժոկովը հույս հայտնեց, որ կողմերը որևէ համաձայնության կգան, ինչը հնարավորություն կտա սեպտեմբերի 13-ին և 14-ին աշխատանքային խմբերի՝ Ալմա-Աթայում կայանալիք հանդիպման նախօրեին փոքր-ինչ առաջ շարժվել:
Մեր գործը պարզաբանելը չէ, թե ո՞վ է մեղավոր,— նշեց Կաժոկովը,— այլ մեզ հանձնարարված առաքելության սահմաններում նպաստել Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը:
Ընդ որում, Ղազախստանի նախագահի պատվիրակը ընդգծեց, որ ճիշտ չէր լինի սահմանափակվել միայն այդ հարցով, այլ անհրաժեշտ է անհապաղ սկսել Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկում: Նա չբացառեց այն հնարավորությունը, որ Ղարաբաղ կուղարկվի Նազարբաևի ներկայացուցիչը: