«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիսի 29-ին ընդունած բանաձևը ըստ էության շարունակությունն էր նախորդի՝ թիվ 822-ի: Եվ եթե 822-ը կոչ էր անում օկուպացիոն զորքերը հանել Քելբաջարից, ապա 853-ն արդեն նշում է Աղդամի շրջանի և վերջին ժամանակներս բռնազավթված Ադրբեջանի մյուս տարածքները: Ո՞վ է զավթել, ո՞ր պետությունը կամ ո՞ր զորքը, ո՞վ է վերջապես ագրեսոր: Որևէ կոնկրետ անվանում չի տրվում: Նաև չի նշվում այն մասին, թե բանաձևը չկատարելու դեպքում ի՞նչ է սպասվում կամ ի՞նչ քայլեր են նախատեսվում այն միջազգային հանրության կողմից, որն այդքան շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Կրկին անտեսված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարների կողմից, որն այդքան շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Կրկին անտեսված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարների կողմից քանիցս նշված բնակչության անվտանգության երաշխիքների խնդիրները:
Մի խոսքով, ձևակերպումները հնարավորին չափ զգույշ են: Փոխարենը, ինչպես հաղորդեց «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժնի ՄԱԿ-ում հավատարմագրված թղթակից Յ. Ժիգալկինը, Անտանգության խորհրդի թիվ 853 բանաձևը ընդունվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովի ազդեցությամբ: Հայտնի է դարձել, որ նա ամեն օր մի նամակ է հղել ՄԱԿ-ի դիվանագետներից մեկին՝ պրն. Դեյվիդ Հեյնին, պահանջելով, որպեսզի վերջինս ազդի Հայաստանի վրա: 853-ի ընդունումից հետո Հասան Հասանովը հայտարարեց, որ Անվտանգության խորհրդի բանաձևը լուրջ միջազգային փաստաթուղթ է, բայց ինքը չի բացառում, որ մի շարք հայ ղեկավարներ, որոնք ցանկանում են տարածքներ գրավել, կարող են այնքան խենթանալ, որ խելքի չգան: Նրա ասելով, դա են վկայում վերջին փաստերը, որոնց տեղյակ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Իսկ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ իր կարծիքով ԵԱՀԽ-ը արմատական քայլեր է կատարել, որի արդյունքում 9+1 նախաձեռնությունը ստորագրել են հակամարտության 3 կողմերը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Արզումանյանի ասելով, Հայաստանի ղեկավարությունից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի համոզի Լեռնային Ղարաբաղին ընդունելու այդ նախաձեռնությունը: Ու թեև, ըստ նրա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ողջունում է ԵԱՀԽ-ի ընթացքին: Այսինքն, դեսպանը առավելությունը տալիս է Մարիո Ռաֆաելլիին խմբին: Մինչ այդ հայտարարված ժամկետներում շաբաթ օրն այդպես էլ չհրապարակեցին Հայաստանի և ԼՂՀ պատասխան հայտարարությունները:ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 1-ին Գորիսում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից զատ մասնակցել են նաև ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկվել և մշակվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հետ կապված առաջիկա քաղաքական և դիվանագիտական գործունեության միջոցառումներ: Հավանական է, որ կողմերի հայտարարությունները արդեն կունենան միայն խորհրդանշական բնույթ: