Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263
Ընկերներ,
Ամբողջ ռուս ժողովրդի, ձեր և ռուսական հեղափոխության դեմ պատրաստվում է սոսկալի հանցանք: Ժողովրդի կամքը կարելի է տեսնել նրա մեծամասնության ցանկության մեջ, իսկ ռուս ժողովրդի մեծամասնությունը պարզորեն հակառակ է Լենինին ու նրա կուսակցությանը: Մինչդեռ Լենինը և մեծամասնականները ձեզ կառավարում են, նրանք ձերբակալում ու բանտ են դնում և պաշտոնանկ են անում ձեր այն կառավարիչներին, որոնց դուք ընտրել եք ազատորեն: Լենինի մեծամասնականները գնդակահարում են անմեղ մարդկանց, հեռացնում են պաշտոններից ազնիվ ծառայողներին: Լենինը և նրա կողմնակիցները տեսնելով իրենց պարտությունը ընտրություններին, սպառնալիքների ու տեռորի զորությամբ թույլ չեն տալիս ազատորեն արտահայտելու ժողովրդական կամքը, ինչպես այդ կատարվում է մյուս բոլոր ազատ պետությունների մեջ:
Մի՞թե դուք տապալեցիք ինքնակալությունը, որպեսզի նրա փոխարեն իշխանության կոչեք Լենինի նույնանման ինքնակալությունը: Ձեզ խաբում է նա, երբ խոստանում է այնպիսի հաշտություն, որպիսին անկարելի է դաշնակից պետությունների դեմոկրատիայի համար: Այս պատերազմը շուտափույթ ավարտելու համար չափազանց կարևոր է ջախջախել գերմանական միլիտարիզմը:
Դաշնակիցները պատրաստում են նոր ահագին զորամասեր ամերիկացիներից, ճապոնացիներից, ֆրանսիացիներից և անգլիացիներից, որոնք շարունակ դիմում են դեպի զորաճակատը՝ գերմանական դիմադրությունը ընկճելու համար: Դաշնակիցների զորքերը գնում են Գերմանիայի վրա բոլոր կողմերից: Գերմանիան կջախջախվի, և հարցը միայն ժամանակի մեջ է:
Դուք տեսնում եք, որ Լենինի խոստացած հաշտությունը չկա և չի էլ լինի: Ձեր առաջ նորից պատերազմ է կանգնած:
Այդպես, ուրեմն, դուք երկու ընտրություն ունեք, կամ պետք է հավատարիմ ու կայուն մնալ դաշնակիցների կողմը, որոնք անդադար ձեզ կօգնեն բոլոր անհրաժեշտ միջոցներով, պարենով, զգեստով, կոշիկներով, ռումբերով, նոր արտիլերիայով, ավտոմոբիլներով և այն ամենով, որ այժմ շտապով պատրաստվում է Գերմանիայի վերջնական ջախջախման համար: Դաշնակիցները մշտապես կամրապնդեն ազատ Ռուսաստանի հանրապետական իրավունքները: Իսկ եթե դուք գնաք Լենինի հետևից, հուսալով, թե հաշտությունը կկապվի Գերմանիայի հետ, այն ժամանակ դաշնակիցները ձեզ բարձիթողի կանեն, կդադարեցնեն ամեն օգնություն: Դուք կմնաք քաղցած, մերկ ու աղքատ՝ աշխարհակալ Գերմանիայի հետ միասին, որ ավելի է քայքայված ու հյուծված քաղցից:
Մնացեք զորաճակատի վրա: Ամբողջ աշխարհը կռվում է Գերմանիայի աշխարհակալության դեմ և դաշնակիցները ձեզ կօգնեն և կկերակրեն, որը չէ կարող անել Գերմանիան: Վախճանը մոտ է: Ամբողջ աշխարհի մեծ պետությունները իր վերջավորության կտանեն կռիվը: Մնացեք ձեր դիրքերում ինչ էլ որ լինի և պաշտպանեցեք զորաճակատի վրա հայրենիքը Գերմանիայի գաղտնի մտորումներից: Մի թույլ տաք, որ դեպի մի բուռ կաշկանդված գերմանական գործակալներ և մարդասպաններ ոտնահարեն ձեր և ամբողջ Ռուսաստանի ազատությունը: Մնացեք հավատարիմ: Մի խումբ ֆրանսիական ու ամերիկական սոցիալիստներ: