Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63
Օշականի ժողովուրդը հեծում է տեղական կոմենդանտի ճնշումների տակ: Կոմենդանտը, որ միևնույն ժամանակ խմբապետ է նշանակված նախկին խմբապետ Պանդուխտի խմբի զինվորներին, Օշականում, իր հիսուն զինվորներով մի անկախ իշխանություն է կազմում: Գյուղացիներից ոչ մի գանգատ զինվորների վերաբերյալ, չի արժանանում կոմենդանտի ուշադրությանը: Այգեքաղի ժամանակն է, բայց չեք գտնի մի այգի, որի գլխին կանգնած լինի իր տերը, ամբողջը բռնված է կոմենդանտի զինվորներով:
Ո՞վ կհամարձակվի մի ծղնոտ խոտ քաղել իր այգուց ու տուն տանել, ո՞վ կհամարձակվի խոսել զինվորի վրա, երբ զինվորը իր ձին թողնում է այգի մեջ ու խաղողից կշտացած, ուզածի չափ էլ վերցրած, դեղձի ծառի ճյուղերն է կտրատում, հասուն դեղձ ճարելու համար: Իսկ եթե այգի տերը համարձակվի զինվորից խոնարհաբար խնդրի, որ նա խնայելով իր երեխաները, խաղողը և խաղողի տունկերը չփչացնելու համար ձիերը այգի չթողնի այն պայմանով, որ այգիի ամբողջ խոտը ինքը քաղելով, իրենց կբաշխի, այն ժամանակ վայն եկել ու տարել է այգի տիրոջը. Մի երկու օրվա մեջ նա այլևս այգի չի ունենալու, ինքն էլ քոթակված անկողին կընկնի:
Իսկ եթե պատահի էլ, որ այդ ժամանակ գյուղացին կոմենդանտին գանգատի դիմի զինվորներից, գանգատավորը կոմենդանտի սպառնալիքների սարսափի տակ, անպատիվ հայհոյանքն էլ վերադիր ստացած, պետք է վերադառնա:
Սովորական խոսք է դարձած նույնպես, որ խոտերի գրավման ժամանակ, երբ գյուղացին ի նկատի ունենալով, որ խոտի ամբողջ գրավումով իր կենդանիներին բաժին չի մնում, նա դիմում է կոմենդանտի խղճին, խնդրելով իրեն ևս բաժին թողնել, իսկ կոմենդանտը նրա խնդրին պատասխանում է, որ զինվորի ձիու մի սմբակը չի նրա ամբողջ ընտանիքի հետ չի փոխիլ ու խոտը ամբողջապես գրավելով, մի թղթի կտոր շպրտում է տիրոջը ու զինվորների հետ կատակ անելով հեռանում: Ահա ինչ տեսակ է ապրում օշականցին կոմենդանտի իշխանության տակ:
Ըստ գյուղացիների տված տեղեկությունների, նոքա մի քանի անգամ բողոքել են իշխանությանը կոմենդանտի դեմ, և նրանց բողոքին բավարարություն տրվել է հետևյալ կերպով. կառավարությունից քննիչ է ուղարկվել գյուղ, քննվել է կոմենդանտի վերաբերյալ բոլոր գործերը ու մինչև օրս էլ դեռ ոչ մի կարգադրություն չի եղել, կոմենդանտի անիրավությունները զսպելու վերաբերյալ: Ի՞նչ է մտածում կառավարությունը. գոնե ժողովրդին իր սև օրում հանգիստ թողնելու համար պետք է մաքրե ասպարեզը նման տիպերից:
Զինվոր Սահակ