«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ
Ադրբեջանական բանակը, քողարկվելով ղարաբաղյան ջոկատների կողմից իբր Ֆիզուլու վրա գրոհելու ամենօրյա ապատեղեկատվությամբ, շարունակում է ակտիվացնել մարտական գործողությունները ԼՂՀ-ի արևելյան սահմանի երկայնքով:
Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, օգոստոսի լույս 12-ի գիշերը Ֆիզուլուց վերստին հրթիռահրետակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերը: Միաժամանակ, Ֆիզուլին համալրվում է ադրբեջանական ռազմական տեխնիկայով և կենդանի ուժով:
Իսկ օգոստոսի 11-ին երեկոյան ժամը 9-ին հակառակորդը հրետանուց, ինչպես նաև «գրադ» կայանքից ուժգին կրակ է բացել իր կողմից թողած Աղդամի վրա, ենթադրելով, թե այնտեղ գտնվում են ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Մինչդեռ, ինչպես բազմիցս տեղեկացրել են ԼՂՀ-ի ղեկավարները, Աղդամը դատարկ է: Այնպես որ, ռազմական այդ գործողություններից տուժել է միայն ադրբեջանական քաղաքը:
Ադրբեջանական կողմն, անկասկած, հետո կփորձի իր հեղինակած այդ ավերածությունները վերագրել ղարաբաղցիների գործողություններին: