«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Մինչ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը հանրապետության արևելյան սահմանային գոտում վնասազերծել են թշնամու երեք ռազմական հանգրվաներ, մյուս ռազմաճակատներում իրադրությունը զգալի չի փոխվել: Հոկտեմբերի 2-ին Մարտակերտի շրջանում հայկական և ադրբեջանական ջոկատների միջև շարունակվում էին դիրքային մարտերը և փոխրետակոծությունները: ԼՂՀ պաշտպանության ուժերի շտաբի մամլո ծառայության հաղորդման համաձայն, հայկական ջոկատներին հաջողվել է ոչ միայն հետ մղել ադրբեջանցիների գրոհը Կիչան-Սրխավենդ ճակատում, այլև գրավել մի քանի կարևոր դիրքեր:
Հաջողությամբ հետ է մղվել ադրբեջանցիների գրոհը նաև Ասկերանի ուղղությամբ, որտեղ հոկտեմբերի 1-ի երեկոյան թշնամին փորձել է ճեղքել հայերի պաշտպանությունը Քարագլուխ գյուղի մոտ: Երեկ երեկոյան Աղդամի շրջանի տարածքից վերսկսվել է շրջանի սահմանամերձ գոտու ռմբակոծությունը: Ժամը 16-ին ադրբեջանական օդուժը մեկ ռումբ է գցել այդ ճակատի վրա: Հադրութի շրջանում ևս անհանգիստ է: Մարտեր են ընթանում Խծաբերդ գյուղի մոտակայքում, որտեղից թշնամին անպտուղ փորձ է կատարել սեղմելու մարդասիրական միջանցքը: Երեկ, վաղ առավոտից Ֆիզուլու շրջանի տարածքից ուժգին հրթիռակոծության է ենթարկվել Էդիլլու գյուղը: Զոհեր և վիրավորներ չկան: