Մշակ, 2 հունիսի (20 մայիսի), 1918թ., թիվ 102 (ԱՐԱՅԻԿ)
Ղարաքիլիսայից ստացված է հետևյալ հեռագիրը.
«Փախստականները կենտրոնացած են Ղարաքիլիսայում 15000-ից ավելի և թուրքերի արշավանքի հետևանքով շարժվել են դեպի Դիլիջան-Ելենովկա։ Երևանից, Էջմիածնից և Սուրմալուի գավառներից ազգաբնակությունը նույնպես շարժվել է դեպի Ելենովկայի ուղղությամբ, պանիկայի վարակիչ ազդեցության տակ տեղական ժողովուրդը մասամբ միացել է փախստականներին։ Պարենի լիակատար բացակայությունը և անհնարինությունը տեղավորել, այն հանգամանքը՝ որ փոքրաքանակ պահեստները կողոպտված են քաղցած ամբոխի ձեռքով, ստեղծել են կատաստրոֆային դրություն։ Հաշտության կնքման հապաղումը սպառնում է ժողովրդին կորստի մատնել։ Ձեռք առեք բոլոր միջոցները, որ թուրքերի արշավանքը լիկվիդացիայի ենթարկվի և աղետի առաջն առնվի։ Մեսրոպ եպ., բժ. Մակարյան, բժ. Հովհաննիսյան, Յուրի Թամամշյան, Պետորս Զաքարյան»։